
Նոյեմբերի 11-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ռուսական հեռուստաալիքի տաղավարի հատակին վրացական պետական դրոշի պատկերումը գնահատել է որպես սադրիչ քայլ։
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին «Россия-1» հեռուստաալիքի հաղորդումներից մեկում, տաղավարի հատակին, որի վրա կանգնած էին հեռուստահաղորդավարներն ու հյուրերը, հայտնվել է վրացական դրոշի պատկերը։
«Ռուսաստանի պետական հեռուստաալիքի կողմից Վրաստանի պետական դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունքի փաստը Վրաստանի արտաքին գործերի նախարարը բարձրացրել է ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը։
Դավիթ Զալկալիանին մտահոգություն է հայտնել ռուսական պետական հեռուստաալիքի ներկայացուցիչների սադրիչ քայլի կապակցությամբ՝ որպես Վրաստանի ինքնիշխանության, ազատության և պետականության դեմ Ռուսաստանի ապակառուցողական քաղաքականության հստակ արտահայտություն։ Նման քայլերով Ռուսաստանի Դաշնությունն արհամարհում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները», — ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Նշենք, որ 2009 թվականից Շվեյցարիան ներկայացնում է Վրաստանի պետական շահերը Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ գործում է Շվեյցարիայի դեսպանատան վրացական շահերի բաժինը։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր