Վրաստանի դրոշը Ռուսաստանում անցկացվող BRICS խաղերում

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge-ից

Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող «ԲՐԻԿՍ»-ի խաղերին (BRICS Games), որին մասնակցում են նաև Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի (Հարավային Օսիա) շրջանների ներկայացուցիչները, հայտնվել է Վրաստանի դրոշը։

Հունիսի 12-ին Կազանում խաղերի բացման արարողության ժամանակ՝ մասնակիցների հետ միասին, Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունների հետ հայտարարվել է նաև Վրաստանը: Բեմ են տարել նաև Վրաստանի դրոշը։

BRICS-ի 2024 թվականի խաղերի պաշտոնական կայքը տեղեկացրել է՝ մրցումներին մասնակցում են վրացի սամբիստներ Վրաստանից, թեև այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: Կայքի տեղեկություններով՝ մասնակցում են վրացի աշխարհի չեմպիոններ Նինո Օձելաշվիլին և Էլենե Քեբաձեն։

Քեբաձեն վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցին ասել է, որ իրենք չեն մասնակցում առաջնությանը. «Ինչ-որ սխալ կա»:

Վրաստանի մշակույթի և սպորտի, ինչպես նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունները դեռևս (ժամը 13:00-ի դրությամբ) պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել:

Ի դեպ, BRICS Games-ը սպորտային միջոցառում է, որն ամեն տարի կազմակերպում են BRICS դաշինքի անդամ երկրները։ BRICS-ը 10 երկրների դաշինք է։ Տարիներ շարունակ վերջինս ​​եղել է Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության միություն: Անունն այս անդամ երկրների անգլերեն անվանումների (BRICS) հապավումն է։ 2024 թվականի հունվարի 1-ից խումբն ընդլայնվել է։ Հինգ նոր անդամներն են՝ Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան։