2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 736 հազար 400 մարդ, ինչը 1,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տարածած հաշվետվության մեջ:
Հաշվետվության համաձայն, 2022 թվականին գրանցվել են բնական բացասական աճ (-6 799) և դրական միգրացիոն մնացորդ (54 հազար 509)։
Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 60,4 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում։ Բացի այդ, Թբիլիսիի բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության գրեթե մեկ երրորդը։
«2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ 0-14 տարեկան բնակչության տեսակարար կշիռն ամբողջ բնակչության հաշվով կազմում է 20,7 տոկոս, աշխատունակ տարիքի (15-64 տարիքային խումբ) բնակչության տեսակարար կշիռը կազմում է 63,8 տոկոս, իսկ 65 և բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը՝ 15,6 տոկոս։
2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ տղամարդկանց թիվը կազմել է 1 մլն 793 հազար 800, իսկ կանանցը՝ 1 մլն 942 հազար 500, ինչը նշանակում է, որ Վրաստանի բնակչության 48 տոկոսը տղամարդիկ են, իսկ 52 տոկոսը՝ կանայք։ Սեռերի հարաբերակցությունը 92 է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92 տղամարդ։ Նշենք, որ մինչև 35 տարեկան տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին, իսկ 35 տարեկանից հետո հակառակ պատկերն է նկատվում, ինչը պայմանավորված է տղամարդկանց համեմատ կանանց կյանքի տևողությամբ»,- նշված է Geostat-ի հաշվետվության մեջ։
Ըստ նույն տվյալների՝ 2021 թվականի համեմատ, 2022 թվականին կյանքի տևողությունն աճել է 2,3 միավորով և կազմել 73,7 տարի, այդ թվում՝ տղամարդկանց դեպքում՝ 69,4, կանանց դեպքում՝ 78,1 տարի։ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության միջին տարիքը 38-ն է։