Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ (PMCG) հետազոտական կազմակերպությունը հրապարակել է Վրաստանի տնտեսության վրա արտագաղթի և տրանսֆերտների ազդեցության վերջին զեկույցը, որից պարզ է դառնում, որ 2010-2020 թվականներին Վրաստանից արտագաղթածների ընդհանուր թիվն աճել է 7 տոկոսով և կազմել 861 հազար մարդ, որը երկրի բնակչության 23 տոկոսն է։
Վրացի էմիգրանտների հիմնական ընդունող երկիրը մնում է Ռուսաստանը՝ 450 հազար մարդ, որին հաջորդում են Հունաստանը՝ 85 հազար, Ուկրաինան՝ 65 հազար և Ադրբեջանը՝ 49 հազար մարդ:
2020 թվականին COVID-19 համաճարակի և ճանապարհորդության սահմանափակումների պատճառով արտագաղթի հոսքը նվազել է մինչև 74 հազար, իսկ վերլուծված ժամանակահատվածում գրանցվել է միակ դրական միգրացիոն մնացորդը` 16 հազար, թեև 2021 թվականին արտագաղթի հոսքն աճել է մինչև100 հազար:
«Վրաստանը համարվում է արտագաղթի երկիր։ 1990-ականների կեսերից երկրից արտագաղթը բնութագրվում է որպես աշխատանքային միգրացիա՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրներով՝ բարձր գործազրկություն, աղքատություն և ցածր աշխատավարձ:
Մի շարք ուսումնասիրություններ վկայում են, որ վրացի ներգաղթյալների մի զգալի մասն ապրում և աշխատում է անօրինական ճանապարհով ընդունող երկրում։ Վրաստանից մեկնած էմիգրանտների հիմնական դրդապատճառը երկրում գտնվող իրենց ընտանիքներին գումար ուղարկելն է՝ նրանց կենսապայմանների ապահովման համար»,- ասված է PMCG-ի զեկույցում։