Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար Նիկոլոզ Ռաճվելիի և վրացի երաժիշտների հետ այսօր ժամը 17:00-ին ակցիա-համերգ կանցկացնի՝ ի աջակցություն ուկրաինացի ժողովրդին և երկրին։ Այդ մասին սոցիալական ցանցում գրել է Նիկոլոզ Ռաճվելին։
Նրա խոսքով՝ ակցիային կմասնակցի երգչուհի Նինո Կատամաձեն, կհնչեն Վրաստանի ու Ուկրաինայի օրհներգերը։
«Այսօր ժամը 5-ին ազգային սիմֆոնիկ նվագախումբը կկատարի վրացական և ուկրաինական օրհներգեր՝ արտահայտելու մեր աջակցությունը ուկրաինացի ժողովրդին, մեր գործընկերներին և նրանց ինքնիշխան պետությանը։ Մեզ միացել է նաև ուկրաինացիների կողմից ամենասիրված արտիստ Նինո Կատամաձեն, և իմ գործընկերները, ովքեր ժամանակ և ցանկություն ունեն միանալու այս փոքրիկ, բայց սրտանց ակցիային, կարող են այցելել Աղմաշենեբելի 182 (նախկին Muscomedy և այժմ Վրաստանի ազգային երաժշտական կենտրոնի շենք):
Խաղաղություն և համերաշխություն Ուկրաինային»,- գրել է Նիկոլոզ Ռաչվելին։
—————————————————————————————————————
Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։