Վրաստանի ազգային բանկը 48,7 մլն դոլար է վաճառել

Վրաստանի Ազգային բանկն արտարժույթի աճուրդում վաճառքի է հանել 60 մլն դոլար, բայց վաճառվել է 48,7 մլն-ը։ Bloomberg համակարգում 17։00-ի դրությամբ 1 դոլարն արժե 2,7246 լարի։

Սա Ազգային բանկի երկրորդ ինտերվենցիան է վերջին օրերին. մայիսի 16-ին՝ «Գործակալների մասին» օրենքի ընդունման երկրորդ օրը, վաճառել է 60 մլն դոլար։ Այսօր՝ մայիսի 28-ին, խորհրդարանը քննարկում է «Գործակալների մասին օրենքի» վերաբերյալ նախագահի վետոն, միաժամանակ տեղի է ունենում նաև բողոքի ցույց։

Երեկ՝ մայիսի 27-ին, լարիի փոխարժեքը կտրուկ արժեզրկվել է դոլարի և եվրոյի նկատմամբ. դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմել է 2,768 լարի, իսկ մեկ եվրոյի արժեքը դարձել է 3,0058 լարի։

Մայիսի 16-ին Վրաստանի Ազգային բանկը 60 միլիոն դոլարի վաճառքի մասին հայտնել էր, որ որոշումը կայացվել է վերջին օրերին արտարժույթի շուկայում «աժիոտաժային գործընթացների» պատճառով։

Լարիի պաշտոնական փոխարժեքը որոշվում է արտարժույթի միջբանկային շուկայում կնքված գործարքների համաձայն։

Չնայած այն հանգամանքին, որ լարիի արժեզրկումը սկսվել է «գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո, Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավայի կարծիքով` սպեկուլյացիա է խոսել այն մասին որ ԱՄՆ-ից սպասվող պատժամիջոցները կվնասեն բանկային ոլորտին և լարիի արժույթին։