Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, միևնույն ժամանակ այս հարցը կապելով Վրաստանի հետ։ Նա նշել է, որ ռուս-ուկրաինական հարաբերությունների զարգացման ոչ մի սցենար չի բացառում։
«Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի կոպիտ հռետորաբանության հիմնական պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի և դրա չընդլայնման խնդիրն է։ Խոսքը վերաբերում է 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի որոշումների վերանայմանը, որոնք վերաբերում են Վրաստանին ու Ուկրաինային», — ասել է Զալկալիանին Imedi հեռուստաընկերության եթերում։
Նախարարի խոսքով՝ զարգացումների ֆոնին Վրաստանի թեման երկրորդ պլան չի անցել. Վրաստանի հարցն ամենակարևորներից մեկն է, և դա հաստատում են ոչ միայն ներքին խոսակցությունները, այլ նաև հրապարակային հայտարարությունները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով։ Զալկալիանին հիշեցրել է, որ Էնթոնի Բլինկենը Ժնևում Լավրովի հետ հանդիպումից առաջ խոսել է Վրաստանի օկուպացիայի, տեղահանվածների, 2008 թվականի ներխուժման և Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի մասին։ Ըստ նախարարի՝ այս բանակցությունների ֆոնին ևս բարձրաձայնվում է Վրաստանի թեման։
«Ես սա ասում եմ ոչ միայն մեր լսած հռետորաբանության և հակասությունների պատճառով, այլ նաև ինքնիշխան պետության՝ նկատի ունեմ Ուկրաինայի դեմ ձեռնարկած գործողությունների պատճառով, երբ Ռուսաստանի Դաշնությունը դեէսկալացիայի մասին բանակցելու փոխարեն ավելացրեց ռազմական ուժը։ Դա ավելի ինտենսիվ է դարձրել զորավարժությունները, և ես տեղեկություն ունեմ, որ այս գործողությունները դեռ շարունակվում են», — ասել է արտգործնախարարը։
Դավիթ Զալկալիանիի կարծիքով՝ դիվանագիտությունը պետք է սպառի բոլոր հնարավորությունները, և պետք է գտնվեն միջոցներ, որոնք թույլ կտան թուլացնել իրավիճակի լարվածությունը։
«ՆԱՏՕ-ի մեր գործընկերները և ԱՄՆ-ը, ովքեր կարևոր դեր ունեն այս գործընթացում, խոսում են միաձայն։ Ինչ վերաբերում է Վրաստանին, նրանք ուղղակիորեն Ռուսաստանին ասում են, որ կարելի է խոսել որոշ թեմաների մասին, զինաթափման և այլն։ «Հնարավոր է երկխոսություն»՝ սա են պահանջում մեր արևմտյան գործընկերները Ռուսաստանի Դաշնությունից, որ եթե նրանք իրական ցանկություն և քաղաքական կամք ունենան դեէսկալացիայի, ապա դա տեղի կունենա մոտ օրերս», — ընգծել է Զալկալիանին։
Նա նաև նշել է, որ աշխարհը և ՆԱՏՕ-ի գործընկերները տեսնում են այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցում է Եվրաատլանտյան դաշինքին ինտեգրվելու իր ճանապարհին։
«Լսել եմ նաև, որ ասում են, թե ինչու Վրաստանն Ուկրաինային սատարող հայտարարություն չի արել։ Եթե նույնիսկ վերցնենք վերջին տարին, ապա վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով եղել է Ուկրաինաում։ Մենք մասնակցել ենք Ղրիմի հարթակին, որին շատ պետություններ չեն մասնակցել։ Հիշեք Ղրիմի հարթակում Ուկրաինայի վերաբերյալ Վրաստանի վարչապետի հստակ հայտարարությունները, ինչպես նաև իմ ցանկացած ելույթ ուղղված է Ուկրաինային և նրա ինքնիշխանությանը: Ինչու՞ են կարծում, որ մեր հասարակությունը հավատում է այս ստին, մանիպուլյացիային ու քարոզչությանը», — ասել է Զալկալիանին։
Հիշեցնենք, որ Զալկալիանիի Բուխարեստ կատարած այցի ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ իրենք հավատարիմ են մնում Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը և աջակցում են Ուկրաինային ու Վրաստանին եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին։