ԱԳ նախարարն ընդունել է Մոլդովայի փոխվարչապետին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հյուրընկալել է Մոլդովայի փոխվարչապետ Օլեգ Սերեբրիանին, հայտնում է Վրաստանի արտգործնախարարությունը։

Հանդիպմանը քննարկվել է երկու երկրների համագործակցության օրակարգը։ Կարևորվել են Վրաստանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, նախանշվել են համագործակցության կարևոր հարցերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը երկու երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Զրույցին անդրադարձ է եղել նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման և հաշտեցման քաղաքականության իրականացմանը։

Իլիա Դարչիաշվիլին Մոլդովայի փոխվարչապետին է ներկայացրել Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող հումանիտար և սոցիալական ծանր իրավիճակի մասին։

Նշենք, որ Մոլդովայի փոխվարչապետը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ Նա հանդիպում է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։