Վերջին օրերին Վրաստանում նախընտրական զարգացումների ֆոնին քաղհասարակությունը քննարկում է երկրի արտաքին քաղաքականության շուրջ ստեղծված ռիսկերը: Սեպտեմբերի մեկին հայտնի դարձավ՝ Վրաստանը հրաժարվել է Եվրամիության 75 մլն եվրոյի հասնող մակրոֆինանսական օգնությունից: Եվրապատգամավորները քննադատել են Վրաստանի իշխանության այս քայլը, ոմանք ահազանգել, թե դա կհեռացնի երկիրը ԵՄ-ին անդամագրվելուց, ոմանք էլ նշում են, որ Վրաստանը չի մերժել այդ օգնությունը, ուղղակի չէր կարող ստանալ:
Ի՞նչ եղավ սեպտեմբերի 2-ին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարությամբ հանդես եկավ, որում անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրամադրվող 75 մլն եվրո գումարին, հայտնեց, որ պատրաստվում են մերժել այն: Ղարիբաշվիլին որոշումը բացատրեց «արտաքին պարտքը չավելացնելու» պատրվակով:
«Հիշեցնեմ, որ սա դրամաշնորհ չէ, ոչ էլ օգնություն, այլ մակրոֆինանսական վարկ, որի մի մասը վերցրել ենք 2020 թվականին: Գումարից հրաժարվելու հիմնական դրդապատճառը արտաքին պարտքը հետզհետե նվազեցնելն է, ինչի վրա էլ աշխատում ենք»,- ընդգծեց վարչապետը:
Իշխող կուսակցության մյուս առաջնորդները ևս, ինչպես կառավարության ղեկավարը, պնդում են, որ որոշումը ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական բնույթ է կրում: «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն վստահեցնում է՝ առաջին հերթին գործում են հանուն երկրի, հետո միայն՝ ռազմավարական գործընկերների շահերի: Նրա խոսքով, իշխող ուժը գիտակցում է քայլի քաղաքական բնույթը, սակայն ԵՄ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների մասին խոսելը դատարկ սպեկուլյացիա է:
Ի՞նչ գումարի մասին է խոսքը
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սոցիալ-տնտեսական հետևանքների դեմ պայքարելու համար Եվրամիությունը 180 մլն եվրոյի չափով օգնության փաթեթ ու 150 եվրո մակրոֆինանսական օգնություն էր հատկացրել Վրաստանին: Վերջին գումարի կեսը Վրաստանը ստացել է 2020-ի նոյեմբերին:
Երկրորդ փոխանցման համար Վրաստանը պետք է արդեն իրականացրած լիներ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կետերը, որոնցից մեկը հենց դատական համակարգի բարեփոխումներին էր վերաբերում: Թեմայի հետ կապված օրեր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը թվիթերյան իր էջում գրել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մասին: Գրառման մեջ վերջինս նշել էր, որ հանդիպման ընթացքում ԵՄ-ի ֆինանսական աջակցության վրա է նաև շեշտը դրել:
Կողմերի արձագանքները
Ղարիբաշվիլիի հայտարարությունից հետո Վրաստանի քաղաքական դաշտում բողոքի ալիք բարձրացավ: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» արդեն նամակով դիմել է Եվրամիությանը, իսկ կուսակցության կողմից օրերս արված ամենաուշագրավ քայլը եղավ Միշելի համաձայնագրի տակ ստորագրելը: Նշենք, սա միակ ուժն էր, որ չէր միացել համաձայնագրին: ՄԱՇ-ի առաջնորդներից Նիկա Մելիան ասել էր, որ ստեղծված իրավիճակում մի կողմ են դնում սկզբունքային պատճառները, թե ինչու չէին միանում համաձայնագրին:
Սրա հետ մեկտեղ, մոտ մեկ ամիս առաջ համաձայնագրից դուրս եկած իշխող կուսակցությունը հստակ հայտարարել է, որ չի պատրաստվում կրկին միանալ համաձայնագրին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գտնում է, որ իշխանության վերջին որոշումները երկրին չեն խանգարի դառնալ ԵՄ-ի անդամ:
Մեկնաբանելով դատական համակարգի բարեփոխումներն ամբողջովին չիրականացնելու խնդրին, Ղարիբաշվիլին ասել է՝ «մեկ օրում Հռոմ չես կառուցի»: Վարչապետը բավական կոշտ է արձագանքել նաև Եվրամիության ներկայացուցիչների՝ Եվրախորհրդարանի պատգամավորների սուր քննադատությանը՝ ասելով․ «իմ ղեկավարը եվրախորհրդարանականները չեն, այլ վրաց ժողովուրդն է»: Իշխանությանը քննադատել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես արել էր դա նաև Միշելի համաձայնագրից դուրս գալու դեպքում: Միջազգային գործընկերներից կտրուկ արձագանք արձանագրվել է նաև Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանի կողմից:
Վրաստանում այս ամենի ֆոնին շարունակվում է նախընտրական քարոզարշավը: