Վրաստանի արտաքին քաղաքականությունը դարձել է նոր մարտահրավեր. GIP

«Վրաստանի քաղաքական ինստիտուտը» (GIP) ներկայացրել է Վրաստանի կառավարման ինդեքսը (GGI): GGI-ն սահմանում է ինչպես երկրի ձեռքբերումները, այնպես էլ առկա մարտահրավերներն ու ռիսկերը: Ցուցանիշը վերանայում է Վրաստանի կատարողականը կառավարման չորս ոլորտներում.

  • ժողովրդավարական կառավարում,
  • արդյունավետ կառավարում,
  • սոցիալ-տնտեսական կառավարում,
  • արտաքին կառավարում:

Զեկույցում Վրաստանի կատարողականը միջինից ցածր է գնահատվում կառավարման բոլոր չորս ոլորտներում: Երկրի տվյալները հատկապես թույլ են ժողովրդավարական կառավարման կատեգորիայում, որտեղ սոցիալ-տնտեսական կառավարումն ինդեքսի վերին տեղում է՝ միջինից ցածր միավորներով:

Զեկույցում բոլոր չորս ոլորտներում ամենալուրջ խնդիրը համարվել է դատական ​​համակարգը, թեև, ի տարբերություն 2021-ի, 2022-ին փորձագետների հարցման մեջ գերակշռել են արտաքին և անվտանգության քաղաքականության խնդիրները։ Ըստ ինդեքսի՝ հիմնական փոփոխությունները նկատվում են Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ, որոնք բխում են Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից և դրա հետևանքների վրա Վրաստանի կիսաօպտիմալ արձագանքից, ինչի արդյունքում արտաքին քաղաքականության հարցերը վեր են բարձրացել 2023 թվականին ձեռնարկվելիք մարտահրավերների և քայլերի ցանկում։

Բոլոր կատեգորիաներում ամենահաճախ նշված յոթ մարտահրավերներից չորսը վերաբերում են արտաքին կառավարմանը.

  • ռազմավարական գործընկերների (ԵՄ, ԱՄՆ) հետ հարաբերությունների վատթարացում,
  • Ռուսաստանից եկող ռիսկերի կառավարում,
  • ԵՄ թեկնածուի կարգավիճակ չստանալու և ԵՄ 12 հանձնարարականների իրականացման հարցում առաջընթացի բացակայություն,
  • «Ասոցացված եռյակի» թուլացում ու Ուկրաինայի հետ հարաբերությունների վատթարացում:

Ժողովրդավարական կառավարումը 100-ից գնահատվել է 20 միավոր: GGI-ի համաձայն, ինչպես և նախորդ տարի, ժողովրդավարական կառավարումը դեռևս ամենաթույլ օղակն է։  Արդեն երկրորդ տարին է, ինչ և՛ այս զեկույցի հեղինակները, և՛ հարցված փորձագետները կառավարման բոլոր կատեգորիաների մեջ ամենախնդրահարույց ուղղությունն են համարում արդարադատության ապահովումը և դատաիրավական ձախողված բարեփոխումները։

Քաղաքացիական հասարակության կատեգորիան զգալի անկում է ապրել GGI-ի փորձագետների վարկանիշում, ինչը, ըստ GIP-ի՝ կարող է պայմանավորված լինել բևեռացման և քաղաքական արմատականացման աճով, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների դեմոնիզացիայի քաղաքականությամբ, որը խոչընդոտում է նրանց արդյունավետ աշխատանքին և խաթարում է նրանց՝ որպես չեզոք դերակատարների իմիջը:

Արդյունավետ կառավարումը 100-ից գնահատվել է 35 միավոր: Արդյունավետ կառավարման կատեգորիայի հիմնական մարտահրավերներից են ոչ ֆորմալ կառավարումը, էլիտար կոռուպցիայի դեմ պայքարը, կառավարության անկարողությունը տարածելու իշխանության մենաշնորհը հասարակության բոլոր շերտերի վրա (եկեղեցի և ծայրահեղ աջ խմբեր) և օկուպացված տարածքների նկատմամբ առաջընթացի բացակայությունը։

Սոցիալ-տնտեսական կառավարումը 100-ից գնահատվել է 45 միավոր: Կառավարման ինդեքսի առաջադեմ ոլորտը՝ սակայն մարտահրավերներով, սոցիալ-տնտեսական կառավարումն է: Այս կատեգորիայում նշվում է ուժեղ տնտեսական աճ, որն ուղեկցվում է գնաճով և կոշտ դրամավարկային քաղաքականությամբ։

Արտաքին կառավարումը 100-ից գնահատվել է 35 միավոր: GGI-ի փորձագետների հարցման համաձայն՝ 2023 թվականին արտաքին կառավարման ամրապնդման հիմնական առաջարկություններից են Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումն ու խորացումը, «Ասոցացված եռյակի» ձևաչափի ամրապնդումը և Ուկրաինայի հետ հարաբերությունների բարելավումը, ինչպես նաև՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած 12 հանձնարարականների իրականացումը։

Ի դեպ, GGI-ն արդեն երկրորդ տարին է, ինչ հրապարակվում է GIP–ի կողմից՝ USAID-ի ֆինանսական աջակցությամբ։ Մեթոդաբանական տեսանկյունից GGI-ն հենվում է քանակական և որակական հետազոտության մեթոդների և իմացաբանության վրա: Վարկանիշային համակարգը հիմնված է GGI-ի փորձագետների հարցման վրա, որին մասնակցել է տարբեր ոլորտներում աշխատող 40 փորձագետ։ Քանակական հետազոտությունը համալրվում է GIP-ի թիմի իրականացրած որակական վերլուծությամբ:

Վրաստանի կառավարման ինդեքսն ամբողջությամբ՝ այստեղ։