Վրաստանի Առողջապահության նախարարությունը հունվարի 27-ից մեկնարկում է քարոզարշավ՝ կապված չինական կորոնավիրուսի ալիքի հետ: Այս մասին հայտրարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Համաշխարհային առողջապահության կազմակերպության խորհրդատվությունների հիման վրա նախօրեին հետազոտող խմբերը սկսել են հերթապահել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Մասնագետները չափում են Չինաստանից ժամանած ուղևորների մարմնի ջերմաստիճանը:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնն արդեն համացանցում սկսել է տեղեկատվական քարոզարշավ: Կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվական գովազդները, թե ինչպես կանխել վիրուսի տարածումը:
Ուղիղ չվերթները Չինաստանից Վրաստան արգելվել են մինչև փետրվարի 1-ը, սակայն Գամկղրելիձեն նշում է, չինացիները ժամանում են տարբեր տրանզիտային չվերթներով: Նրա խոսքով, չինական Նոր տարվա տոնակատարություններիի հետ կապված առաջիկա ամիսների ընթացքում Չինաստանից Վրաստան կժամանի 4-5 հազար մարդ:
Վրաստանում Չինաստանի քաղաքացիներն աշխատում են խոշոր շինարարական օբյեկտներում, երկրի շրջաններում չինական կազմակերպություններն իրականացնում են ենթակառուցվածքային նախագծեր: Այսօր մասնագետները, համաճարակաբանները պետք է այցելեն նրանց Խարագաուլիում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության օբյեկտում: