Թբիլիսիում կորոնավիրուսից ապաքինվել է ամենածանր առողջական վիճակով հիվանդը: 47-ամյա կինն, ով մեկ շաբաթից ավել շնչում էր շնչառական սարքի միջոցով, հիվանդանոցից դուրս կգրվի այսօր:
«Ամենածանր պացիենտը ողջ երկրի մասշտաբով, որը բուժվում էր մեր կլինիկայում, ապաքինվել է»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին:
Նրա խոսքով, կինն ուներ նաև սրտի խնդիրներ: Հիվանդանոց դիմելուց առաջ նրա մոտ արդեն գրանցված է եղել երկկողմանի թոքաբորբ, սուր շնչառական խնդիր: Պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի՝ նման հիվանդությունների հետ համադրությունը համարում է բարձր ռիսկային: Ռատիանին կնոջ դեպքը որակել է «Վրաստանի առողջապահական համակարգի հաղթանակը»:
«Գոյություն ունի նման պացիենտների որոշակի սանդղակ: Դեպքերի 97 տոկոսն ավարտվում է մահով, սակայն այս կինն ապրեց»,- ասել է Ռատիանին՝ հավելելով, որ կինը 2 շաբաթ կգտնվի ինքնամեկուսացման մեջ:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից բուժման 23 դեպք է արձանագրվել, հիվանդությունը հաստատվել է 115 պացիենտի մոտ, կարանտինում է 5783 մարդ, հատուկ ուշադրության ներքո՝ 301 մարդ: