«Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է»,- այս վերտառությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
Մայիսի 1-ի հայտարարության մեջ Միլլերը դատապարտում է «գործակալների մասին» օրենքը, դատապարտում է նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները և նշում, որ իշխող «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել է անկայուն ուղու վրա։
«Միացյալ Նահանգները դատապարտում է Կրեմլից ոգեշնչված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որն այսօր առաջ է քաշվել Վրաստանի խորհրդարանում, և կառավարության կեղծ նարատիվները, որ տարածում են արվածն արդարացնելու համար: Իշխող կուսակցության անդամները հստակ հայտարարել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատական ձայնը և ոչնչացնել Վրաստանի կենսունակ քաղաքացիական հասարակությանը, որը ցանկացած ժողովրդավարական երկրում իշխանությունը վերահսկելու անհրաժեշտ մեխանիզմ է»,- հայտարարել է Միլլերը:
Հայտարարության մեջ Միլլերը նշել է, որ Վրաստանի իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցության հիմքում, և այդպիսով սպառնում են եվրատլանտյան ինտեգրման Վրաստանի ուղուն։
«Մեկնաբանությունները, որոնք սխալ են բնութագրում Վրաստանին տրված
օտարերկրյա օգնությունը, որը մենք տրամադրել ենք 32 տարի՝ ամրապնդելու նպատակով Վրաստանի տնտեսությունը, ժողովրդավարությունը և ռուսական ագրեսիան զսպելու կարողությունը, հիմնովին խաթարում են Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ մեր ամուր հարաբերությունները:
Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին և աջակցում ենք, որպեսզի նրա ձայնը լսելի լինի։ Մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ»:
Միլլերն ընդգծել է՝ խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է: Պետդեպը կոչ է անում իշխանություններին թույլ տալ խաղաղ ցուցարարներին շարունակել օգտվել խոսքի ազատության իրենց իրավունքից:
«Գործակալների մասին օրենքը», պաշտոնապես՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը», երկրորդ ընթերցմամբ ընդունվել է մայիսի 1-ին։ Մնում է երրորդ՝ վերջնական լսումը։
Երեկ՝ մայիսի 1-ին, հատուկջոկատայինները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Կան տուժածներ և բերման ենթարկվածներ: