Ֆրանսիայի եվրոպական հարցերի և արտաքին գործերի (ԱԳ) նախարար Կատրին Կոլոնան Ստոկհոլմում Եվրամիության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ ասել է, որ Վրաստանին կօգնեն իրականացնել Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումները:
Կոլոնան ասել է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ է` Վրաստանի ապագան եվրոպական է։
«Ֆրանսիան շատ հստակ ասում է, որ Վրաստանի ապագան եվրոպական է, և մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչքան է դա ցանկանում վրաց ժողովուրդը։ Մենք կօգնենք Վրաստանին իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները Եվրամիությանն անդամակցելու համար»,- ասել է Կոլոնան։
Կոլոնայի խոսքով, եթե առաջարկությունների կատարումը դրական լինի, ապա կաջակցեն Վրաստանին թեկնածուի կարգավիճակի շնորհմանը։
Ի դեպ, Ստոկհոլմում Եվրամիության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը լսել են Եվրահանձնաժողովի զեկույցը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի կողմից առաջարկությունների կատարման վերաբերյալ։