
Շալվա Պապուաշվիլին՝ ելույթ ունենալով Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող «Ղրիմի միջազգային հարթակի» առաջին խորհրդարանական գագաթնաժողովում, ասել է, որ Վրաստանի աջակցությունն Ուկրաինային անվերապահ է և մշտական։
«Փետրվարի 24-ին ուկրաինացի ժողովրդին արթնացրել է ռումբերի կարկուտը։ Սա կարող է շատերի համար անակնկալ լինել Արևմուտքում, բայց, ցավոք, մենք՝ վրացիներս, մոլդովացիներս և ուկրաինացիներս, դա արդեն մեկ անգամ չէ, որ զգացել ենք։ Վրաց ժողովուրդը նման հարձակումների զոհ է դարձել 2008 թվականին` դուք էլ լավ գիտեք, և 1990-ականների սկզբին Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում», — հիշեցրել է Պապուաշվիլին։
Պապուաշվիլին ընդգծել է, որ դատապարտում է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և այդ երկրի շրջանների օկուպացումը։
«Մաղթում եմ Ուկրաինային տոկունություն և հաղթանակ ազատության ու անկախության համար այս պատմական պայքարում։ Վրաստանի ժողովուրդն ու կառավարությունը միշտ ձեր կողքին կլինեն։ Փա՛ռք Ուկրաինային», — ասել է Շալվա Պապուաշվիլին։