Վրաստանի ԱԳՆ-ն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու համար արտասահմանում գտնվող քաղաքացիներին կոչ է անում գրանցվել։
ԱԳՆ-ի հայտարարությամբ, դեկտեմբերի 2-ին նախատեսված ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու համար արտերկրում գտնվող քաղաքացիները պետք է ներկայանան Վրաստանի դեսպանատներ ու հյուպատոսարաններ։
Հոկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների առաջին փուլին մասնակցելու համար արտերկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 1400 քաղաքացի: Վրաստանի ԱԳՆ-ն ողջունում է արտերկրում գտնվող քաղաքացիների ցուցաբերած ակտիվությունը՝ կոչ անելով երկրորդ փուլին առավել ակտիվ մասնակցություն ունենալ:
«Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 39 երկրներում բացված 55 ընտրատարածքներում: Քաղաքացիների ընտրական իրավունքի արդյունավետ իրականացման և նրանց առավելագույն մասնակցությունն ապահովելու համար հյուպատոսարաններն անցնում են աշխատանքային հատուկ ռեժիմի, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին գրանցման համար դիմել նաև ոչ աշխատանքային օրերին», — ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: