Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին միջազգային գործընկերներին կոչ է անում խստորեն արձագանքել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ռազմական գործողություններին։ Այս մասին Զալկալիանին գրել է Twitter-ում։
«Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ բացարձակ անընդունելի է: Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին խստորեն արձագանքել Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտմանը և ապահովել իրավիճակի դեէսկալացիա»,- գրել է Զալկալիանին:
Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններ սկսելուն արձագանքել են նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ՝ Շալվա Պապուաշվիլին։
Նախագահ Զուրաբիշվիլին Ռուսաստանի ռազմական հարձակումն Ուկրաինայի վրա ապշեցնող է անվանել։
—————————————————————————————————————Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։