Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպմանը կողմերը կարևորել են երկու երկրների պատմական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը։
«Կողմերը ողջունել են երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կառավարությունների ղեկավարների միջև բարեկամական հարաբերությունները, ինչը կնպաստի երկրների միջև համագործակցության հետագա զարգացմանը։
ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև օրակարգային ընթացիկ հարցեր։ Կողմերը անդրադարձել են, մասնավորապես, տարբեր ոլորտներում առևտրատնտեսական և միջժողովրդական կապերի ամրապնդման հեռանկարներին և այդ նպատակով ձեռնարկվելիք անելիքներին»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկության՝ Դարչիաշվիլին և Փաշինյանը խոսելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների մասին՝ ողջունել են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և ընդգծել դրա պատշաճ տոնակատարության կարևորությունը։