«Անջատողականների և ծայրահեղականների պատվին արձան չեն կառուցում», «Այսօր Արցախը, վաղը՝ Ջավախեթին», «Ապօրինի արձանը պետք է անհապաղ ապամոնտաժվի», «Արձանների արժանի են միայն հերոսները», «Ավագյանի կիսանդրին դիվերսիա է»: Սրանք էին փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ցույցի հիմնական կարգախոսներն ու ուղերձները:
Վրաստանում բնակվող ազգությամբ ադրբեջանցի ցուցարարները պահանջում էին ապամոնտաժել Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված Արցախի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին:
Ցույցին մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովը, «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Ախմեդ Իմամկուլիևը, ինչպես նաև մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ելույթ ունեցող գրեթե բոլոր ակտիվիստները ընդգծում էին Միքայել Ավագյանի՝ իբրև Աբխազիայի պատերազմի մասնակցությունը: Ցուցարարները նաև իշխող «Վրացական երազանքից» պահանջում էին պատասխանատվության ենթարկել թիմի այն անդամներին, ովքեր մասնակցել են կիսանդրիի վերաբացման արարողությանը:
Քաղաքացիական ակտիվիստ Թենգիզ Թխելավան և այլ ակտիվիստներ բեմահարթակից մի քանի անգամ նշեցին, որ տեղի ունեցածը սադրանք էր, որը արվել է Ռուսաստանի կողմից՝ վրաց-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման նպատակով:
Ցույցին անդրադարձ եղավ նաև Մառնեուլիում ղարաբաղյան պատերազմի մասնակցի արձանի գոյությանը, որը ցուցարարները պարզաբանեցին՝ «նորմալ է, երբ արձան է կանգնեցվում իր երկրի տարածքային ամբողջականության համար պայքարող զինվորի, այլ ոչ թե սեպարատիստի պատվին»: