
Վրաստանի 5-րդ նախագահի երդմնակալության արարողությունը կազմված է երեք մասից։ Նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 16-ին մայրաքաղաք Թբիլիսիում ծաղկեպսակ կդնի Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության և միասնության համար ընկած հերոսների հուշահամալիրին, այնուհետև հարգանքի տուրք կմատուցի Մթածմինդայի պանթեոնում հանգչող Իլիա Ճավճավաձեի շիրիմին։
1987-ին վրաց ուղղափառ եկեղեցին գրողին (ծննդյան 150-ամյակին) սրբերի շարքին է դասել՝ նրան անվանելով «Սուրբ Իլիա արդար»։
Երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նույն օրը Թելավիում (Կախեթիի մարզկենտրոն)՝ Բատոնի ամրոցի տարածքում։ Ամրոցը, ի դեպ, 17-18-րդ դարերում հանդիսացել է Կախեթիի թագավորների նստավայրը։

Georgian Journal պարբերականի փոխանցմամբ՝ հյուրերի ցանկում են օտարերկրյա մի շարք պատվիրակություններ և բոլոր այն երկրների ներկայացուցիչները, որոնց հետ Վրաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ: Միջոցառմանը ներկա կլինի նաև նախագահի պաշտոնում իր լիազորություններն ավարտող, Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
«Ալիք մեդիան» հաղորդել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը ևս դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: