Վրաստանի բռնի տեղահանվածների գործակալությունը Թբիլիսիում, Բաթումիում և Քութայիսիում փախստականների համար բնակարաններ ձեռք կբերի:
Գործակալությունն արդեն բնակարանների գնման մրցույթ է հայտարարել, որը կտևի մինչև հուլիսի 13-ը: Մրցույթի հաղթողը 2 տարի կունենա` նոր բնակարանների կառուցման համար: Թբիլիսիում 1 քմ-ի համար գործակալությունը պատրաստ է 550 դոլար վճարել, շրջաններում` 470 դոլար: Ըստ մրցույթի պայմանների` շինարարը պետք է ներկայացնի 1, 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ` համապատասխան մակերեսով: Բոլոր բնակարաններում`բացառությամբ մեկ սենյականոցները, պետք է լինեն առանձնացված ննջարաններ: Բոլոր բնակարանները հանձնվելու են ամբողջովին վերանորոգված, կահավորված խոհանոցով և սանհանգույցով:
Բնակարան կամ տուն ստանալու համար բռնի տեղահանվածները պետք է հատուկ հայտ լրացնեն: Դրանից հետո գործակալությունը նրանց բալեր կտա` 0-10` կախված նյութական վիճակից և նոր բնակարանի անհրաժեշտությունից, որից հետո հանձնաժողովը տեղում կուսումնասիրի յուրաքանչյուր հայտատուի հարցը:
Նորակառույցներում բնակարաններ գնելուց և փախստականներին տրամադրելուց բացի, պետությունը նաև բարձրահարկ շենքերի ամբողջական թաղամասեր է կառուցում, գումար է տրամադրում` գյուղական համայքներում բնակարաններ ձեռք բերելու համար, սեփականության իրավունքով փախստականներին է հանձնում համայնքային այն տարածքը, որտեղ տվյալ պահին նրանք բնակվում են կամ բնակարան են վարձակալում:
Ներկայումս Վրաստանում բռնի տեղահանվածի կարգավիճակ ունի ավելի քան 286,8 հազար մարդ, սա ավելի քան 90,6 հազար ընտանիք է: մայրաքաղաքում ապրում է 37.800 նման ընտանիք: Պետությունը լուծում է նրանց բնակապահովման հարցը, սակայն փախստականները ստիպված են լինում տարիներով սպասել իրենց հերթին: