Վրաստանի 10 մունիցիպալիտետների քաղաքապետերն ու նրանց փոխքաղաքապետերն ԱՄՆ-ում են: Այս տեղեկությունը, netgazeti լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան, հաստատել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից:
Կուսակցությունից ասել են, որ պատվիրակությունը Ֆլորիդայում է ֆինանսիստների տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով: Պատվիրակությունն այնտեղ է հունիսի 8-ից՝ 5 օրով:
«Համաժողովում քննարկվելիք թեմաներն են՝ լավագույն փորձի փոխանակում և ծրագրային բյուջետավորում, բյուջետավորման արդյունավետությանն առնչվող նորությունների և բացահայտումների քննարկում»,- հայտնել են «Վրացական երազանք»-ից:
Իշխող կուսակցությունից մանրամասնել են նաև, որ Ֆլորիդա են մեկնել Փոթիի, Ախալցիխեի, Քութաիսիի, Օզուրգեթիի, Սագարեջոյի, Դեդոփլիսծկղարոյի, Կազբեգիի, Գարդաբանիի, Թեթրիծկղարոյի և Բոլնիսիի քաղաքապետերը։
Վրաստանում ԱՄՆ դեսպանությունից պարզաբանել են՝ իրենք կապ չունեն այցի հետ, ինչը նշանակում է, որ այցը ֆինանսավորել է Վրաստանը։
«Վրացական երազանք»-ը հայտնել է, որ այցը ֆինանսավորել է «Վրաստանի տեղական ինքնակառավարման միավորների ֆինանսական ասոցիացիան», ինչպես նաև ծախսերի մի մասը վճարել են համապատասխան քաղաքապետարանները։
Նկատենք՝ Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն սրվել են այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ն ընդունեց «գործակալների օրենքը», փաստացի՝ միջազգային գործընկերներին, այդ թվում` ԱՄՆ-ին, բնորոշելով որպես «օտար տերություն», իսկ նրա կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին՝ «օտար պետության շահերը կրող կազմակերպություն»:
«Վրացական երազանք»-ի առաջնորդները նաև «Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին դավադրության տեսություն են հորինել, որում, ըստ երևույթին՝ ընդգրկում են Վաշինգտոնին և մեղադրում Վրաստանի դեմ գործողությունների մեջ։ Վաշինգտոնը վիզային պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի կառավարության տասնյակ ներկայացուցիչների նկատմամբ և սկսեց վերանայել Վրաստանի հետ առկա հարաբերությունները։