«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2023 թվականի մամուլի ազատության ինդեքսը, որը գնահատում է լրագրության վիճակը աշխարհի 180 երկրներում և տարածքներում։
Ըստ զեկույցի՝ Վրաստանը շարունակում է մնալ խնդրահարույց երկրների շարքում և 61,69 միավորով զբաղեցնում է 77-րդ տեղը։ Այս ցուցանիշով Վրաստանը բարելավել է նախորդ տարվա արդյունքը՝ 2022 թվականին 59,30 միավորով 89-րդ տեղում էր, բայց վատթարացրել է 2021 թվականի արդյունքի համեմատ. 2021 թվականի ցուցանիշով Վրաստանը 71,36 միավորով 60-րդ տեղում էր։
Ի դեպ, RSF կազմակերպությունն աշխարհի երկրներում մամուլի ազատության վիճակը գնահատում է 5 համատեքստային ցուցանիշով՝ քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական և անվտանգության։ Իրավական համատեքստում ամենաբարձրը Վրաստանն է՝ 76 միավոր, իսկ տնտեսական համատեքստում ամենացածրը՝ 47,17 միավոր։ Զեկույցը հիմնված է փորձագետների հարցման, ինչպես նաև լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ բռնությունների թվի վերլուծության վրա։
Վրաստանը Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ամերիկայի ավելի քան 55 երկրների հետ միասին գտնվում է խնդրահարույց երկրների շարքում։
RSF միջազգային կազմակերպությունը Վրաստանում մեդիամիջավայրը բնութագրելիս նշում է, որ միջավայրը բազմազան է, նաև` քաղաքականապես խիստ բևեռացված, առկա են համատարած մանիպուլյացիան, ատելության խոսքի և ապատեղեկատվության կիրառումը հեռուստաեթերում, իսկ լրատվամիջոցների սեփականատերերը հիմնականում վերահսկում են բովանդակային քաղաքականությունը։
Կազմակերպությունն անդրադառնում է «Գործակալների օրենքին», որը «վերջապես տապալվեց փողոցային ցույցերի պատճառով». RSF-ի բնորոշմամբ` այդ օրինագիծը ռուսական օրենքի պատճենն է։
Ի դեպ, մայիսի 3-ին նշվեց Մամուլի ազատության միջազգային օրը։