Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանը ժողովրդավարության ակնառու օրինակներից է։ Այս մասին նա հայտարարել է արտասահմանցի լրագրողի հարցին ի պատասխան։
Լրագրողը հիշեցրել է Ղարիբաշվիլիին, որ Եվրամիությունը քննադատել է Վրաստանի կառավարությանը ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքի համար և ասել, որ մարդու իրավունքները չեն պաշտպանվում։
«Պատրա՞ստ եք ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Վրաստանում ցույցեր են տեղի ունենում, այս ցույցին ի թիվս այլ հարցերի, պահանջում են ձեր կառավարության հրաժարականը և տեխնիկական կառավարության նշանակում»,- հարցրել է լրագրողը Ղարիբաշվիլիին։
Ի պատասխան՝ Ղարիբաշվիլին լրագրողին ասել է, որ հավանաբար Վրաստանում չի եղել և չգիտի, թե իրականում ինչ է կատարվում երկրում։
«Մենք փոխել ենք բռնատիրական ռեժիմը, և այսօր Վրաստանը դարձել է ժողովրդավարության տեսանելի օրինակներից մեկը ոչ միայն տարածաշրջանում, այլ հպարտությամբ ու համարձակությամբ կարող ենք ասել, որ մենք իսկապես աչքի ընկնող երկիր ենք ոչ միայն արևելյան երկրների շարքում։
Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ առաջին երկրներից էինք, որ 2012 թվականին մեր քաղաքացիներին վերադարձրինք իրական ազատությունն ու արժանապատվությունը։ Մենք ստացել ենք մարդու իրավունքների առաջին ռազմավարությունը: Այս փաստաթղթի համաձայն՝ մենք արմատապես բարելավել ենք իրավիճակը Վրաստանում։ Մեզ մոտ երաշխավորված են մարդու իրավունքները և լրատվամիջոցների ազատությունը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանից Ստրասբուրգի դատարան ուղարկվող գործերի թվի նվազումը խոսում է նաև այն տպավորիչ առաջընթացի մասին, որ Վրաստանը գրանցել է մարդու իրավունքների ուղղությամբ.
«Ինչ վերաբերում է ցույցերին, ապա ցույցեր անցկացնելը բնորոշ է ցանկացած ժողովրդավարության։ Բոլոր երկրներում էլ ցույցեր են անցկացվում, բայց ուզում եմ ձեզ ասել, որ այս ցույցերը, ինչպես մյուսները, անարդյունք ավարտվեցին։ Կառավարությունը կայուն է, ամուր, ուժեղ, և մենք շարունակում ենք երկիրը առաջ տանել»: