Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության (ԵՎՐՈ-2024) փլեյ-օֆֆ փուլում է: Ազգային հավաքականը փլեյ-օֆֆում խաղալու հնարավորությունը նվաճեց F խմբի վճռորոշ 3-րդ խաղում՝ 2:0 հաշվով հաղթելով Պորտուգալիային:
Վրացի խաղացողներից գոլերի հեղինակ դարձան Խվիչա Կվարացխելիան և Գիորգի (Ժորժ) Միքաուտաձեն: Չեխիայի հետ ոչ-ոքիի և Պորտուգալիայի դեմ տարած հաղթանակի շնորհիվ Վրաստանը վաստակեց ընդհանուր 4 միավոր և 3-րդ տեղով հաջորդ փուլ դուրս եկավ:
Վրաստանի համար այս պատմական իրադարձությունը տոնի առիթ դարձավ ամբողջ երկրում: Սոցցանցերում օգտատերերը մինչ խաղի սկիզբը խոստումներ էին տալիս. «հաղթելու դեպքում կսափրվեմ», «հաղթելու դեպքում մազերս Վրաստանի դրոշի գույներով կներկեմ», «հաղթելու դեպքում կամուսնանամ»: Հաղթանակից հետո էլ, երկրում «Նոր տարի» էր: Նույնիսկ նախագահն առաջարկում էր հաջորդ օրը «ոչ աշխատանքային» հայտարարել:
1/8 եզրափակչում վրացիների մրցակիցը կլինի մրցաշարի ակնառու ֆավորիտ Իսպանիան։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 30-ին, Թբիլիսիի ժամով 23:00-ին:
Եվրոպայի առաջնության առաջին խաղը Վրաստանի հավաքականը անցկացրեց հունիսի 18-ին, Թուրքիայի հետ և պարտվեց 1:3 հաշվով: Հունիսի 22-ին կայացած երկրորդ խաղում Չեխիայի ընտրանու հետ հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, ուստի Վրաստանը Եվրոպայի առաջնությունում վաստակեց առաջին միավորը։
ԵՎՐՈ-2024-ի խաղերի բաց ցուցադրությունները հասանելի են Վրաստանի բոլոր քաղաքներում՝ մեծ էկրաններին: Մայրաքաղաքում խաղերը ցուցադրվում են Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում։
Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին 30 մլն լարի կնվիրի Վրաստանի ֆուտբոլի հավաքականին` Եվրոպայի առաջնության առաջին ենթախմբի խաղում հաղթանակ տանելու կապակցությամբ։
Օլիգարխ Իվանիշվիլիի այս քայլին ի պատասխան, հավաքականի անդամները հայտարարել էին, որ խաղում են հանուն երկրի, ոչ թե՝ գումարի:
«Շենի ճիրիմե». հայ մեկնաբանը՝ Վրաստան-Պորտոգալիա խաղի ժամանակ
Վրաստանի ազգային հավաքականի խաղին հետևում են նաև Հայաստանում: Վրաստան-Պորտոգալիա խաղի առաջին գոլի ժամանակ, խաղի հայ մեկնաբանը վրացերեն վանկարկում է. «Խվիչա Կվարացխելիա: Վա, տո, բիճո, շենի ճիրիմե, Խվիչա Կվարացխելիա»:
Հայ մեկնաբանի այս խոսքերը կայծակնային արագությամբ տարածվեց վրաստանյան ֆեյսբուքյան հարթակում:
Ինչ են ասում ֆուտբոլիստներն ու մարզիչը
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ (ազգությամբ ֆրանսիացի) Վիլի Սանիոլին ասել է, որ ուրախ է Վրաստանում աշխատելու համար։
«Ինձ համար պատիվ է լինել այն տղաների մարզիչը, ովքեր այս 3,5 տարիների ընթացքում ինձ այդքան ուրախություն են տվել։ Ես շատ երջանիկ եմ Վրաստանում, ուրախ եմ այս զարմանահրաշ մրցաշարին մասնակցելու համար։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, երբեք չգիտես, թե ինչ կլինի ֆուտբոլում, բայց այս պահին ես շատ երջանիկ եմ Վրաստանում»,- ասել է Սանիոլին։
Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին նշել է ԵՎՐՈ-2024-ի իր լավագույն սեյվերը։ Խմբային փուլում ամենաշատ սեյվեր ունեցող Մամարդաշվիլին ասել է իսպանական լրատվամիջոցներին պատմել է, որ Պորտուգալիայի հետ խաղում ուշագրավ հակահարված է եղել, երբ Դիոգո Դալոն չի կարողացել խփել։
Վրաստանի հավաքականի պաշտպան Օթար Կակաբաձեն մեկնաբանել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Իսպանիայի դեմ կայանալիք հանդիպումը՝ նշելով, որ թիմում շատ դրական մթնոլորտ է. «Պատրաստվում ենք մեծ վճռականությամբ ու տրամադրվածությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ մենք դժվարին մրցակից ունենք՝ ի դեմս Իսպանիայի, մենք կփորձենք թույլ չտալ, որ Եվրոպայի առաջնությունը մեզ համար ավարտվի և երկարացնենք այս երջանիկ օրերը, որոնք բոլորս միասին ենք անցկացրել»:
«Նոր դեմքեր և ավելի շատ անակնկալներ. Եվրոպայի առաջնությունը դառնում է ավելի մրցունակ». ՈՒԵՖԱ
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը Վրաստանի հավաքականի՝ ԵՎՐՈ-2024-ի 1/8 եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ «Նոր դեմքեր և ավելի շատ անակնկալներ. Եվրոպայի առաջնությունը դառնում է ավելի մրցունակ» վերտառությամբ բլոգ է նվիրել Վրաստանին:
Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն որպես բլոգի գլխավոր լուսանկար օգտագործել է Խվիչա Կվարացխելիայի և Գիորգի Միքաուտաձեի համատեղ լուսանկարը։