Ուկրաինայում ռուսական ագրեսիայի ֆոնին Վրաստանը Եվրամիությանը արագ անդամակցելու մասին ազդանշաններ է ստանում, հայտարարել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն՝ ընդգծելով, որ օրենսդիրում ներկայացված բանաձևը հենց այս ազդանշանների պատասխանն է։
«ԵՄ-ին դիմելու հարցում մենք ծրագրված քաղաքականությամբ էինք շարժվում, մինչև 2024 թվականը կատարելով Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մոտ ⅔ մասը, ավելի մոտ կլինեինք անդամակցության համար պահանջվող եվրոպական չափանիշներին․․․
Այս բարդ իրավիճակի և Ուկրաինայում ռուսական ագրեսիայի ֆոնին, սակայն, մենք Եվրոպայից որոշակի ազդանշաններ ենք ստանում, որոնք կարող են օգտագործվել՝ արագացնելու այս կարգավիճակի ձեռքբերումը։ Բանաձևն այս ազդանշանների պատասխանն է, ժողովրդի ներկայացուցիչը խորհրդարանն է, եւ մենք ցանկանում ենք լսել ժողովրդի ձայնը Եվրամիությունում»,- ասել է Սամխարաձեն։
Հիշեցնենք, որ Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովը բանաձևի նախագիծ է պատրաստում Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման վերաբերյալ։ 13 կետից բաղկացած նախագիծն արտահայտում է խորհրդարանի կոչը ԵՄ անդամ երկրներին և ԵՄ կառույցներին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ արագացնելու Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին։