Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմից քաղած դասն այսուհետ գործընկերների պնդումներին ականջալուր լինելն է․ նրանք ասում էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի:
«Մենք պետք է լսեինք մեր Միության ներսում հնչող ձայները՝ Լեհաստանում, Բալթյան երկրներում և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում տարիներ շարունակ մեր գործընկերները մեզ ասում էին, որ Պուտինը կանգ չի առնելու», — ասել է ֆոն դեր Լեյենը:
Ֆոն դեր Լեյենը նշել է, որ Եվրամիությունը պետք է ձգտի ժողովրդավարության տարածմանը, իսկ դրա լավագույն միջոցը մայրցամաքում կապերի խորացումն է։
«Քանի որ դեպի ուժեղ ժողովրդավարություն և մեր միություն տանող ճանապարհը նույնն է, ես ուզում եմ, որ Արևմտյան Բալկանյան երկրներում, Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում մարդիկ իմանան, որ մեր ընտանիքի անդամներն են, նրանց ապագան մեր միությունում է՝ առանց նրանց միությունն ամբողջական չէ»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նշենք, որ հունիսի 23-ին Վրաստանը Եվրամիությունից ստացել է եվրոպական հեռանկար։