Ուկրաինայի հետքերով Վրաստանը ևս Եվրամիությանն անդամագրվելու հայտ ներկայացրեց։ Թբիլիսիում բազմամարդ բողոքի ցույցերի արդյունքում, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 3-ին ստորագրեց դիմումը։
ԵՄ անդամակցությունը բարդ և երկարատև գործընթաց է։ Նախ դիտարկվում է երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելը։ Սա պահանջում է, որ երկիրը համապատասխանի Կոպենհագենի չափանիշներին, դրանք են՝
- Քաղաքական չափանիշներ՝ կայունություն ինստիտուտներում (օրինակ՝ խորհրդարան, դատական համակարգ), որոնք ապահովում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, փոքրամասնությունների նկատմամբ հարգանք։
- Տնտեսական չափանիշներ՝ գործող շուկայական տնտեսություն և ԵՄ շուկայական ուժերի հետ մրցունակություն։
- Վարչական և ինստիտուցիոնալ չափանիշներ՝ ԵՄ օրենսդրության արդյունավետ իրականացում և անդամակցության պարտավորություն ստանձնելու կարողություն:
Եվրահանձնաժողովը գնահատում է՝ արդյոք երկրին պետք է շնորհվի թեկնածուի կոչում։ Սրա հիման վրա Եվրոպական խորհուրդը որոշում է թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը և սկսում բանակցությունները լիիրավ անդամակցության համար։ Թեկնածուի կարգավիճակ ստանալը դեռ չի նշանակում դառնալ ԵՄ անդամ։
Երկիրը պետք է իր քաղաքական, դատական և տնտեսական համակարգերը համատեղելի դարձնի Եվրամիության հետ՝ ընդունելով միասնական իրավական համակարգ։
Ի վերջո, երկրի թեկնածությունը պետք է միաձայն հաստատի Եվրամիության 27 անդամ երկրներից յուրաքանչյուրը։
Վրաստանը երկար ժամանակ է ձգտում է միանալ ԵՄ-ին։ 2014 թվականին կողմերի միջև ստորագրվել է ասոցացման համաձայնագիր։ Խորը և համապարփակ ազատ առևտուրը մեկնարկել է 2016 թվականից, իսկ 2017 թվականին ուժի մեջ մտավ Վրաստանի քաղաքացիների Եվրամիության անդամ երկրներ մուտքի առանց վիզայի ռեժիմը։
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով՝ մինչև 2024 թվականը Ասոցացման համաձայնագիրը նախատեսում է պահանջների 2/3-ի կատարում։
Եվրախորհուրդը մարտի 10-ին և 11-ին գագաթնաժողով կանցկացնի՝ քննարկելու Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը, սակայն թե արդյոք կլուծվի Վրաստանի անդամագրման հարցը Ուկրաինայի հետ միասին՝ դեռ անհայտ է։