Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, հայտնվել է խիստ վտանգավոր գոտում։
«Վրաստանը կարող էր ստանալ այն, ինչ ստացավ Ուկրաինան, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պարզեցված ընթացակարգ։ Ի տարբերություն Ուկրաինայի՝ Վրաստանը կարող էր շատ ավելի պաշտպանված և ապահովագրված լինել ռուսական հետագա ագրեսիայից՝ առանց պատերազմի»,- ֆեյսբուքյան իր հայտարարության մեջ ասել է Սաաակաշվիլին։
Սաակաշվիլին ընդգծել է նաև՝ փաստ է, որ Ուկրաինան մի քանի ամսից կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Վրաստանը մնաց «չոր» ու շատ վտանգավոր գոտում․ «Յուրաքանչյուր վրացի ավելի խոցելի է, և եթե վրացիներն իրենք չփոխեն իրավիճակը, երկրի գոյությունը վտանգի տակ է:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովում որոշվել է, որ Ուկրաինային անհրաժեշտ չէ Անդամակցության գործողությունների ծրագիրը (MAP) լիարժեք եվրաատլանտյան ինտեգրման համար, ինչ վերաբերում է Վրաստանին, ՆԱՏՕ անդամակցության համար Անդամակցության գործողությունների ծրագրի (MAP) անհրաժեշտությունը մնում է ուժի մեջ։