Վրաստանյան փորձագիտական շրջանակները վերջին օրերին Tbilisi Mall-ի և խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական դիմակավորված ուժերի կիրառած բռնությունները համակարգված, հրահանգված և նպատակաուղղված են գնահատում: Ասում են՝ Հատուկ առաջադրանքների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա») մասնակցությամբ ցուցարարներին ծեծելը հստակ ազդակ է՝ Վրաստանում տոտալ բռնապետություն է՝ Չեչնիայի ավտորիտար ղեկավար Ռամզան Կադիրովի ոճով:
Ըստ փորձագետների` «Վրացական երազանք»-ն իր բիրտ գործելաոճով գերազանցում է «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության իշխանության տարիներին կատարվածին:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ Tbilisi Mall-ի և խորհրդարանի մոտ կատարվողը, նոր ընդունված ռեպրեսիվ օրենքները բռնապետության վերջին փուլն է. ռեժիմին չի հետաքրքրում ոչ միջազգային, ոչ ներքին լեգիտիմությունը, ոչ ժողովրդավարությունն է պաշտպանում, ոչ էլ հասարակության կարծիքն է հաշվի առնում:
Փորձագետի գնահատմամբ՝ Վրաստանն ավտորիտարիզմից անցել է բռնապետության փուլ. նոր օրենքների ընդունումից հետո տոտալիտարիզմի են հասցնելու երկիրը:
«Tbilisi Mall-ի մոտ անցկացված ցույցերի ժամանակ տեղում էի, երբ «Խարեբա»-ն մեքենայով եկավ և առանց որևէ պատճառի սկսեց հայհոյել ցուցարարներին: Այս քայլը, ռուսական խոսքով ասած՝ «բեսպրեդել է»: Սա նման է Կադիրովի համակարգին», — ասաց Թումասյանը:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, Tbilisi Mall-ի և խորհրդարանի մոտ ցուցարարների նկատմամբ կիրառած բռնությունն արդարացում չունի. ցուցարարները խաղաղ են եղել, չեն դիմադրել և կատարել են ոստիկանության հրահանգները:
Մելաշվիլին ընդգծեց՝ Վրաստանում չի կարող և չպետք է հաստատվի ռուսական բռնապետություն.
«Ոստիկանների նկատմամբ բռնություն չի եղել: Չնայած դրան, մենք տեսել ենք կառավարության հրահրած, չարդարացված և կանխամտածված բռնություն: Երբ մարդուն, որը պառկած է, շրջապատված է, ոտքով հարվածում են, սա ոստիկանական գործողություն չէ. սա ռուսական ավտորիտարիզմին բնորոշ պատժի փորձ է»:
Անդրադառնալով «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի պարգևատրած և արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների ենթարկված «Խարեբա»-ի մասնակցությամբ ծեծի դրվագներին, Մելաշվիլին գրել է.
«Համակարգային բռնություն: Այն, ինչ տեղի էր ունենում նացերի (նկատի ունի ՄԱՇ-ին — հեղ.) կառավարության տարիներին, դրանից ավելի վատը կատարվում է այսօր: Եթե անցյալ տարվա արշավանքներն ու այս բռնությունները դիտող ինչ-որ քոց («Վրացական երազանք»-ի աջակից — հեղ.) մնացել է, ապա նրանք ուղղակի սրիկաներ են։ Նախագահականում կանգնածը (նկատի ունի Կղավելաշվիլիին — հեղ.) այս մարդկանց պարգևատրել է «Անպատվության շքանշանով»: Քոցությունն ամոթալի է»։
Սահմանադրագետ Դավիթ Զեդելաշվիլին էլ գրել է. «Ով դեռ հույս ուներ ռեպրեսիվ ապարատը ներսից կոտրելու, պետք է մոռանա դրա մասին։ Այս ռեպրեսիվ մեքենային կարելի է կանգնեցնել միայն դրսից՝ ապամոնտաժելով ռեժիմի մյուս հենասյուները, որոնք կերակրում են նրան և ճնշում են մարդկանց»:
Եվրոպամետ բողոքի ցույցերի 67-րդ օրը՝ փետրվարի 2-ին, ոստիկանությունը վարչական վարույթով (173-րդ հոդվածով՝ պահանջին չենթարկվել) 31 խաղաղ ցուցարարի է բերման ենթարկել: Դեպքը գրանցվել է Tbilisi Mall-ի հարակից տարածքում: TV Pirveli-ի տարածած կադրերում երևում է, թե ինչպես է Հատուկ հանձնարարությունների վարչության պետը ոտքով հարվածում քաղաքացուն։
Ըստ ՆԳՆ-ի՝ փետրվարի 2-ին ՆԳՆ-ն Քրեական օրենսգրքով ձերբակալվել է 8 ցուցարարի: ՆԳՆ-ն նրանց մեղադրում է իրավապահների կոչերին չենթարկվելով Թբիլիսիի Աղմաշենեբելիի նրբանցքի տարածքում տեղի ունեցած ցույցի ժամանակ խմբով ապօրինաբար միջազգային նշանակության մայրուղին փակելու փորձի մեջ: Քրեական օրենսգրքի 19-222-րդ հոդվածով նրանց սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։