Վրաստանը թուրքական «Էնկա» ընկերությանը պետք է 383,2 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում վճարի: Հիշյալ ընկերությունը պետք է Ռիոնի կիրճում կառուցեր Նամախվանիի ՀԷԿ-ը, որը բողոքի ցույցերի ճնշման ներքո այդպես էլ չիրականացվեց:
«Միջազգային արբիտրաժային գործընթացն ավարտվեց, և որոշվեց, որ մեր ընկերության կողմից պայմանագրի խզումն արդարացի էր։ Ըստ այդմ՝ Վրաստանի կառավարությանը հանձնարարվել է մեր ընկերությանը վճարել շուրջ 383,2 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցում»,- ասված է «Էնկա»-ի հաղորդագրության մեջ:
Վրացական կողմը դեռ որևէ տեղեկություն չի հրապարակել։
Հիշեցնենք, որ Վրաստանում ամիսներ շարունակ ընթանում էին բողոքի ակցիաներ Ռիոնիի կիրճում ՀԷԿ-ի կառուցման դեմ, որն իրականացնելու էր թուրքական «Էնկա» ընկերությունը: 2020 թվականի հոկտեմբերից Արևմտյան Վրաստանով հոսող Ռիոնի գետի վրա՝ Նամախվանիում սկսվել են ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, որին դեմ են բնապահպաններն ու տեղի բնակիչները, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները: Նամախվանիի ՀԷԿ-ը, ըստ Վրաստանի կառավարության, պետք է լիներ անկախ Վրաստանի խոշորագույն էներգետիկ նախագիծը։
2021 թվականի հունիսին այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2021 թվականի հունիսի 9-ին հայտարարեց, որ հիդրոէլեկտրակայանի նախագիծն այլևս չի իրականացվի ներկայիս տեսքով։ Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ «Էնկա»-ն խզել է պայմանագիրը, իսկ հոկտեմբերին դատի է տվել արբիտրաժային դատարան։
Նամախվան ՀԷԿ-ի նախագիծը ներառում էր Ռիոնի գետի վրա 333 և 100 ՄՎտ հզորությամբ երկու էլեկտրակայանների կառուցում։ Ծրագրի արժեքը կազմել է մոտ 830 մլն դոլար։