Վրաստանը ուղղակիորեն շահագրգռված է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անորոշությունն ու հակամարտությունը միայն բանակցությունների միջոցով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Հարցին, թե արդյոք կողմերը արձագանքել են Վրաստանի՝ Հայաստան-Ադրբեջան երկխոսության հանդիպումը Թբիլիսիում անցկացնելու առաջարկի վերաբերյալ, Գախարիան պատասխանել է, որ «լինի արձագանք, թե ոչ, Վրաստանը միշտ պատրաստ է և կնպաստի խաղաղության հաստատմանը»:
«Երբ մեր հարևանությամբ իսկական պատերազմ է, դա մեծ ռիսկ է Վրաստանի համար: Իհարկե, մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ արտահայտելու մեր պատրաստակամությունը մեր հարևաններին և մեր հնարավորությունը՝ նպաստելու խաղաղության հաստատմանը: Բոլորս էլ հասկանում ենք, որ երբ մենք խոսում ենք տարածաշրջանում շարունակվող պատերազմի մասին, մենք ունենք մեր քաղաքացիները՝ ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ: Վրաստանը ուղղակիորեն շահագրգռված է ցանկացած բանակցային ճանապարհով լուծելու մեր տարածաշրջանում առկա ցանկացած անորոշություն և հակամարտություն: Մենք կանենք ամեն ինչ դրա համար», — ասել է Գախարիան:
Հիշեցնենք՝ Վրաստանի իշխանությունները Հայաստան-Ադրբեջան երկխոսության համար Թբիլիսիում հանդիպում են առաջարկել: