Ռուսաստանի Պետական Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն անընդունելի է համարել Վրաստանի իշխանությունների բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ` հայտարարելով, թե Վրաստանը Ռուսաստանից միայն դրական վերաբերմունք է ստացել:
«Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վոլոդինն ասել է, որ Վրաստանի խորհրդարանում ուղղափառ եկեղեցու խորհրդարանական վեհաժողովին Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին հենց Վրաստանն էր առաջարկել վարել նիստը:
Վոլոդինի խոսքերով, ընդդիմությունը, որի հետևում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է կանգնած, ցանկանում է փոխել կառավարությունը և դրա համար օգտագործվեց Վրաստանում Դումայի պատգամավորների ներկայությունը, իսկ վրաստանյան իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին օկուպացիայի և ագրեսիայի մեջ:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում բողոքի ակցիաները, որ շարունակվում են մինչ օրս, սկսվել են, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Այսօր արդեն ակցիայի մասնակիցները պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: