ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի Գորիում օգոստոսյան պատերազմի մասին արած հայտարարությանը։
Միլլերն ասել է, որ Վրաստանը ռուսական ներխուժման համար ներողություն խնդրելու կարիք չունի, քանի որ Ռուսաստանն այն ագրեսորն է, որը շարունակում է օկուպացնել վրացական տարածքները։
«Չեմ կարծում, որ Վրաստանը պետք է ներողություն խնդրի Ռուսաստանի ներխուժման համար, ինչպես որ Վրաստանը կարիք չունի ներողություն խնդրելու այն փաստի համար, որ Ռուսաստանը շարունակում է անօրինական կերպով օկուպացնել իր տարածքի 20 տոկոսը: Ռուսաստանն ագրեսոր էր, երբ ներխուժեց Վրաստան, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրներ։ Ուկրաինան դրա ամենացայտուն օրինակն է»,- ասել է Միլլերը։
Հիշեցնենք. սեպտեմբերի 14-ին, Գորիում նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Վրացական երազանք»-ի հերթական նախընտրական հանդիպման ժամանակ, կուսակցության պատվավոր նախագահ Իվանիշվիլին կրկին խոսել է ՄԱՇ-ին հակասահմանադրական ճանաչելու և օգոստոսյան պատերազմի հետ կապված իրավական պատասխանատվության ենթարկելու մասին։ Իվանիշվիլին ասել է. «Մենք, անշուշտ, մեր մեջ ուժ կգտնենք ներողություն խնդրելու այն բանի համար, որ առաջադրանքին համապատասխան` դավաճան «Միացյալ ազգային շարժում»-ը 2008 թվականին կրակի տակ է գցել մեր օս քույրերին ու եղբայրներին»։
Վրացի փորձագետների գնահատմամբ՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը սկսելու և Վրաստանի տարածքների 20 տոկոսի օկուպացիայի համար նախկին կառավարությանը՝ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանը և պատերազմի ժամանակ նախագահած Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրելով, փորձում է նախընտրական դիվիդենտներ շահել. մի բան չեն գիտակցում՝ դիվիդենտներ շահելու նպատակով պատերազմ սկսելու համար ՄԱՇ-ին մեղադրելով, փաստացի ասում են, որ Վրաստանն է սկսել պատերազմը: Երկար տարիներ թե՛ Վրաստանը, թե՛ երկրի ռազմավարական գործընկերները, թե՛ տարբեր հետազոտություններ փաստել են՝ պատերազմը սկսել է Ռուսաստանը:
«Վրացական երազանք»-ն ու Մոսկվան ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ նույն լեզվով են խոսում. կարծիքներ