Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդն այսօրվա՝ փետրվարի 8-ի մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը՝ կապված օմիկրոնի ու կորոնավիրուսի այլ շտամերի տարածման հետ:
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, երկիրն այս պահին օմիկրոնի տարածման առումով պիկի փուլում է: Գաբունիան նշել է, որ հետևելու են իրադարձությունների զարգացմանն ու սպասելու վիրուսի նահանջին, ինչպես լինում է սովորաբար պիկից հետո:
Ինչ վերաբերում է երկրում համաճարակաբանական իրավիճակին՝ հատկանշական են հոսպիտալացման ու մահացության տվյալները:
Ակտիվ դեպքերի քանակը հասնում է 210 հազարին, սակայն պացիենտների մեծ մասը բուժվում է տանը, իսկ ընդամենը 2.9% -ն, այսինքն՝ 6100 պացիենտ՝ հոսպիտալացված է: Այդ թվում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժվում է 1228 պացիենտ, վերակենդանացման բաժանմունքում է՝ 277-ը:
Մասնագետների խոսքով, Վրաստանում հիմնականում տարածվում է օմիկրոն շտամը՝ 95 տոկոսով, սրա հետ մեկտեղ տարածվում է օմիկրոնի շտամերից BA2-ը՝ 75%-ով:
Երկրի գլխավոր վարակաբաններից Ամիրան Գակղրելիձեն ուշադրություն է դարձրել նաև մահացության թվերին և նշել, որ չնայած վարակման բարձր ցուցանիշների, մահացության տվյալները կայուն են: Նրա խոսքով, գոյություն ունեցող իրավիճակը կառավարելի է, ավելի հստակ այս մասին կկարողանան տվյալներ ներկայացնել մի քանի օր անց:
Հիշեցնենք, այսօր՝ փետրվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 24 616 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 350 454-ն են:
Կորոնավիրուսով վարակման 24 616 դեպք՝ մեկ օրում. Վրաստան, փետրվարի 8