Վրաստանը պետք է ճանաչի Հվ. Օսիայի «անկախությունը». նախկին դե ֆակտո նախագահ

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանի նախկին դե ֆակտո նախագահ Էդուարդ Կոկոյտին, որ օգոստոսյան պատերազմի ժամանակ «նախագահ» էր, արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ներողություն խնդրելու նախաձեռնությանը։

Կոկոյտիի խոսքով, դա «համարձակ հայտարարություն է», թեև ինքը թերահավատորեն է վերաբերվում Իվանիշվիլիի հայտարարության անկեղծությանը։ Վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ, Կոկոյտին ասել է՝ Վրաստանը պետք է ճանաչի Հարավային Օսիայի «անկախությունը», «ստորագրի բոլոր անհրաժեշտ պայմանագրերը խաղաղության և ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ», ինչպես նաև վերադարձնի Թրուսոյի և Գուդոյի հովիտները։ Ի դեպ, օսական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ «Վրաստանը օկուպացրել է օսական պատմական հողերը»։

Ըստ նրա՝ «Վրաստանի հետ խաղաղությունը պետք է հաստատվի Ռուսաստանի պայմաններով», «Օսիան և Աբխազիան պետք է դառնան Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հիմնական ֆորպոստները, Ռուսաստանի հուսալի հենասյուները»:

Հիշեցնենք. սեպտեմբերի 14-ին, Գորիում նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Վրացական երազանք»-ի հերթական նախընտրական հանդիպման ժամանակ, կուսակցության պատվավոր նախագահ Իվանիշվիլին կրկին խոսել է ՄԱՇ-ին հակասահմանադրական ճանաչելու և օգոստոսյան պատերազմի հետ կապված իրավական պատասխանատվության ենթարկելու մասին։ Իվանիշվիլին ասել է. «Մենք, անշուշտ, մեր մեջ ուժ կգտնենք ներողություն խնդրելու այն բանի համար, որ առաջադրանքին համապատասխան` դավաճան «Միացյալ ազգային շարժում»-ը 2008 թվականին կրակի տակ է գցել մեր օս քույրերին ու եղբայրներին»։

Վրացի փորձագետների գնահատմամբ՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը սկսելու և Վրաստանի տարածքների 20 տոկոսի օկուպացիայի համար նախկին կառավարությանը՝ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանը և պատերազմի ժամանակ նախագահած Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրելով, փորձում է նախընտրական դիվիդենտներ շահել. մի բան չեն գիտակցում՝ դիվիդենտներ շահելու նպատակով պատերազմ սկսելու համար ՄԱՇ-ին մեղադրելով, փաստացի ասում են, որ Վրաստանն է սկսել պատերազմը: Երկար տարիներ թե՛ Վրաստանը, թե՛ երկրի ռազմավարական գործընկերները, թե՛ տարբեր հետազոտություններ փաստել են՝ պատերազմը սկսել է Ռուսաստանը: