Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելի խոսքով, ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ կհրապարակվի Եվրահանձնաժողովի գնահատականը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ։ Այս մասին Հարցելն ասել է «Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը և դրա ազդեցությունը Վրաստանի վրա» թեմայով համաժողովում։
Հարցելը նշել է, որ ԵՄ անդամ երկրների միջև քննարկումը կշարունակվի սրանից հետո մեկ ամիս՝ մինչև Խորհրդի որոշումը։
«Ես ձեռնպահ կմնամ շահարկումներից, թե ինչպիսին կլինի Վրաստանի վերաբերյալ որոշումը՝ սպասվածից շատ, թե քիչ, պայմաններով, թե առանց պայմանների, Վրաստանի համար մեկ սկզբունքային եզրակացություն կմնա անփոփոխ՝ ժամանակն է սկսել աշխատել», — ասել է Հարցելը:
ԵՄ դեսպանը նշել է, որ Վրաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար:
Ըստ Հարցելի՝ քաղաքական գործիչները պետք է հաղթահարեն բևեռացումը՝ միմյանց ստրուկներ, դավաճաններ, պուտինիստներ և այլն անվանելու փոխարեն։
«Այժմ մեղադրանքների ժամանակը չէ»,- նշել է Հարցելը։
ԵՄ դեսպանը նաև ընդգծել է, որ ԵՄ անդամակցությունը ոչ մի դեպքում կարճաժամկետ գործընթաց չի լինի, և բոլոր նոր անդամներից կպահանջվի հավատարիմ մնալ ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և իրավահավասարության հիմնարար սկզբունքներին.
«Վերջին ամիսների իրադարձությունները նաև հարցեր են առաջացրել այն մասին, թե ուր է գնում Վրաստանը»: