Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է վրաց ժողովրդին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ X սոցիալական ցանցում նա գրում է, որ հեռախոսազրույցում շնորհավորել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ։
«Վրաստանը պատկանում է եվրոպական ընտանիքին»,- գրել է Զելենսկին` ընդգծելով նաև՝ ուրախ է ստանալ նախագահ Զուրաբիշվիլիի շնորհավորանքները Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել: ԵՄ առաջնորդները որոշել են նաև սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները:
Տեղեկությունը տարածել է Եվրոպական հանձնաժողովը՝ նշելով, որ դա ռազմավարական որոշում է, որը դաջված է մնալու Եվրամիության պատմության մեջ. «Մենք հպարտ ենք, որ կատարել ենք մեր խոստումները, և ուրախ ենք մեր ընկերների ու գործընկերների համար»: