Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի Վրաստան ներմուծման գործընթացը հավանաբար, 1-2 շաբաթով հետաձգվում է: Այս մասին նա հայտարարել է Առաջին ալիքի եթերում:
«Բանակցություններ կար, որ պատվաստանյութը արդեն պետք է երկրում լիներ, սակայն միշտ բոլոր համաձայնությունները հստակ ժամկետում չեն կատարվում և մի փոքր հետաձգվել է գործընթացը: Հետաձգվել է մեկ-երկու շաբաթով, չեմ կարծում որ սա ողբերգություն է: Հավանաբար, պատվաստանյութը կստանանք մարտի առաջին շաբաթը, կամ առաջին երկու շաբաթում»,- հայտարարել է Ցերցվաձեն:
Վրաստանի կառավարությունը շաբաթներ առաջ հայտարարում էր, որ երկիրը պատվաստանյութ ստանալու է փետրվարի վերջին, իսկ պատվաստման գործընթացը պետք է սկսվեր մարտի սկզբին: Ինչպես հայտնի է, երկիրը նախ ստանալու է 29 250 չափաբաժին Pfizer տեսակի պատվաստանյութ, ավելի ուշ AstraZeneca տեսակի պատվաստանյութից ստանալու է ավելի քան 400 հազար չափաբաժին: