«Վրաստանը նախագահ չունի». ընդդիմությունը արտահերթ ընտրություններ է պահանջում

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից օրեր անց` դեկտեմբերի 2-ին, Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի խորհրդարանի շենքի դիմաց վրաց ընդդիմադիրերը բողոքի ցույց անց կացրին, որտեղ ներկայացրեցին իրենց պահանջները: Նախագահի արդեն նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեի աջակիցները փակել էին Ռուսթավելի պողոտան, նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: «Մենք նախագահ չունենք» վանկարկող ցույցի կազմակերպիչները հայտարարեցին, որ ընտրախախտումների վերաբերյալ պատրաստվում են դիմել դատարան:

Վաշաձեն իր հերթին կառավարությանն առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել և միասին դուրս գալ ստեղծված քաղաքական ճգնաժամից.

«Կոչ ենք անում իշխանությանը ստեղծել 5 անդամ ունեցող աշխատանքային խումբ, իհարկե եթե նրանց շարքերում այդքան որակավորված մարդ գտնվի: Քաղաքացիական հասարակության վերահսկողությամբ, քաղաքակիրթ, Սահմանադրության տառին հավատարիմ, միասին դուրս գանք այս ճգնաժամից: Մինչև դեկտեմբերի 16-ը ժամանակ ենք տալիս եւ Ձեր պատասխանից կախված կորոշենք մեր հետագա քայլերը: Մենք ո՛չ սահմանադրության, ո՛չ էլ օրենքի սահմաններից դուրս չենք գալու»,- իր ելույթում հայտարարեց Վաշաձեն:

Բողոքի ցույցին միացել էին մասնակիցներ նաև շրջաններից, խոսում էին իրենց կամքին հակառակ ընտրություն կատարելու, սպառնալիքների մասին: Վրաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, ԵՄ եւ ԱՄՆ դրոշներից զատ, ցուցարարները խրթվիլակ ունեին, կարտոֆիլով և սոխով լցված տոպրակներները ձեռքին՝ընտրություն կատարելու դիմաց ընտրողներին բաժանված մեկ կգ սոխ ու կարտոֆիլի հիշեցումով:

Բողոքի ցույցին հավաքված աջակիցներին տեսանյութով միացավ նաև Միխեիլ Սաակաշվիլին, ով հայտարարեց, որ պատրաստ է ֆիզիկապես հայտնվել իրենց կողքին, միայն թե դրա ցանկությունն ունենան:

«Ողջունում եմ ժողովրդի կողմից ընտրված նախագահին՝ Գրիգոլ Վաշաձեին: Մենք խոսում էինք հնարավոր ողբերգության մասին և այդ ողբերգությունը տեղի ունեցավ՝ ընտրությունների ինստիտուտը վերացավ: Մեր պայքարի հաղթանակը օլիգարխի իշխանափոխության ավարտվն է ազդարարելու: Այս պայքարում բոլորս հավասար ենք, սակայն ուզում եմ իմանաք, որ երբ ինձ կանչեք, ես ֆիզիկապես ձեր կողքին կլինեմ»,- հայտարարեց Սաակաշվիլին:

Հիշեցնենք, նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, նախագահի պաշտոնի համար էին պայքարոմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և «Միավորված ընդդիմություն» քաղաքական միավորման թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Պաշտոնական արդյունքների համաձայն, ընտրություններում հաղթող է ճանաչվել Սալոմե Զուրաբիշվիլին:

Ընտրությունների օրը, «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնապես հայտարարեց, որ չի ճանաչում դրանց արդյունքները եւ աջակիցներին քաղաքացիական անհնազանդության կոչ արեց: ՄԱՇ-ի հավաքին որոշում կայացվեց կիրակի օրը՝ դեկտեմբերի 2-ին դուրս գալ փողոց և սկսել խաղաղ հեղափոխություն: Ընդդիմության հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: