Վրաստանը մոտենում է ավտորիտարիզմին․ ամերիկացի սենատոր

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ջին Շահինը, որ վերջին ամիսներին մի քանի անգամ այցելել է Վրաստան, հանդիպումներ ունեցել քաղաքացիական հասարակության, ընդդիմության և կառավարության ներկայացուցիչների հետ, ասել է՝ Վրաստանում շարունակվում է պայքարը ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև։

Շահինի կարծիքով, Վրաստանի կառավարությունն ավելի ու ավելի է մոտենում անձնիշխանությանը: Ըստ սենատորի, սակայն,  վրաց ժողովուրդը ժողովրդավարություն է ուզում։

«Երկրներից մեկը, որտեղ ներքին պայքար է ընթանում ավտոկրատիայի և ժողովրդավարության միջև՝ Վրաստանն է, որտեղ հստակ երևում է, որ ժողովուրդը ցանկանում է նայել դեպի Արևմուտք, դեպի Եվրոպա»,- ասել է Շահինը:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Շահինը հարցրել է, թե՝ հնարավո՞ր է երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկել Վրաստան 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։

«Վճռորոշ հնարավորություններից մեկը լինելու են 2024 թվականին կայանալիք ընտրությունները։ Մենք վճռորոշ դեր ենք խաղալու այս ընտրություններին աջակցելու և ընտրություններին դիտորդներ ուղարկելու գործում»,- հավելել է սենատորը:

Նիստին ներկա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը կիսել է ամերիկացի սենատորի կարծիքը՝ ասելով, որ Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները չափազանց անհանգստացնող են (նկատի ունի մարտի 7-9-յան իրադարձությունները)։

Հարկ է նշել՝ նիստը, որի օրակարգում միայն Վրաստանի մասին հարցն էր, տևել է ավելի քան երկու ժամ։