Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի` Վրաստանում կլինի կորոնավիրուսի 5 -րդ ալիք, բայց ոչ այնքան ծանր, որքան 3 -րդ և 4 -րդ ալիքներն էին:
Ըստ մասնագետի` երկիրն արդեն անցել է ամենադժվար օրերը` համաճարակաբանական իրավիճակի տեսանկյունից:
Մասնագետը լիահույս է` մինչև 5 -րդ ալիքն ավելի շատ մարդ լիարժեք պատվաստված կլինի, բացի այդ` հայտնվում են նոր դեղամիջոցներ, ավարտվում են որոշ դեղամիջոցների կլինիկական փորձարկումները, որոնք ավելի արդյունավետ են: Ցերցվաձեն խոստացել է` Վրաստանը կլինի առաջիններից մեկը, որ կներմուծի նշված դեղամիջոցները:
Վրաստանն այժմ անցնում է կորոնավիրուսի չորրորդ ալիքով, որն ամենաագրեսիվն է դարձել` հնդկական շտամի տարածման պատճառով:
Մասնագետները գնահատում են իրավիճակը` նշելով, որ կայունացման նշաններ կան, սակայն վերակենդանացման բաժանմունքում հիվանդների թիվն ավելացել է:
Առողջապահության նախարարությունից ասել են, որ դեմ չեն հանրային տրանսպորտի գործունեության վերականգնմանը, եթե երկրում վարակով պայմանավորված իրավիճակը կայուն լինի: Միջգերատեսչական համակարգող խորհրդի նախնական որոշմամբ` հանրային տրանսպորտը չի սպասարկի մինչև սեպտեմբերի 13-ը:
Պանդեմիայի սկզբից` Վրաստանում կես միլիոնից ավելի դեպք է հաստատվել` 7 867 -ը` մահվան ելքով: