
Վրաստանը պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ համագործակցության ուղղությամբ, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին՝ Թբիլիսիում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների գործընթացը վերջապես կավարտվի երկու կողմերի համար ընդունելի արդյունքով, ինչը կլինի կարևորագույն խթանը տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման համար, և ես ևս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակից։ Մենք միշտ պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցությանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ուղղությամբ»,- ասել է Դարչիաշվիլին։
Նրա խոսքով, Բայրամովի հետ հանդիպմանը քննարկվել է Թբիլիսիի և Բաքվի միջև համագործակցությունը տարբեր ձևաչափերով։ Դրանց թվում է Արեւելյան գործընկերությունը, որի նպատակն է Եվրամիության հետ համատեղ նախագծերի իրականացումը։
Կողմերը նաև նշել են տարածաշրջանային էներգետիկ նախագծերի կարևորությունը և Չինաստանն ու Եվրոպան Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով կապող Տրանսկասպյան միջանցքի նշանակությունը։