Վրաստանը կգնահատի Հայաստանի քայլը․ Թբիլիսիում անդրադառնում են ՄԱԿ-ի բանաձևին


Օրեր առաջ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 73-րդ նիստում ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը Աբխազիայի և Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Այս անգամ, սակայն, վրաց հանրության համար ողջունելի էր հարևան Հայաստանի քայլը․ այս տարի առաջին անգամ Հայաստանը չմասնակցեց  քվեարկությանը: Տեղի ունեցածի հետ կապված մեծ արձագանք եղավ ինչպես երկու երկրների քաղաքական դաշտում, այնպես էլ սոցիալական ցանցերում:

Հայաստանի նախկին իշխող ուժի՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանելով Հայաստանի քայլը, ասել է, թե Վրաստանը չի գնահատելու այն ժեստը, որով Հայաստանը չի քվեարկել ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացրած բանաձեւի դեմ, Ռուսաստանը չի հասկանա այդ ժեստը:

«Մեր իշխանությունները համաշխարհային մակարդակի PR են փորձում անել, որ տեսեք, թե Հայաստանը ինչ ուղերձ է հղում Վրաստանին, որ մենք, առաջին անգամ այս տարիների ընթացքում չտրվելով ՌԴ ճնշումներին, չենք քվեարկել Վրաստանի բանաձևի դեմ, սա է քվինտէսենցիան իշխանական PR մեքենայի։ Շատ կուզենայի, որ մեր իշխանությունները լավ հաշվել իմանային, եթե տնտեսական ցուցանիշները լավ հաշվել չգիտեն, դեռ այդքան վտանգավոր չէ, եթե մեր իշխանությունները չեն կարողանում հաշվել աշխարհաքաղաքական իրողությունները, դա արդեն վտանգավոր է»,- ասել է նա։

Աշոտյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանն այդ ժեստից չի շահի: Նրա կարծիքով, «դժվար թե մեր իշխանություններին հաջողվի այդ մի քվեարկությամբ Վրաստանին պոկել թուրք-ադրբեջանական տանդեմի ճիրաններից»։

«Ալիք մեդիան» զրուցել է Վրաստանի ազդեցիկ ընդդիմադիր ուժը ներկայացնող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Ռոման Գոցիրիձեի հետ։

«Բնական է, որ Վրաստանի համար սա շատ կարևոր որոշում էր: Հայաստանի կողմից բանաձևին դեմ քվեարկելը կապվում էր Ղարաբաղի հետ, սակայն Հայաստանն այսօր նոր ղեկավար ունի՝ Փաշինյանը, որը շատ խելացի քաղաքական գործիչ է: Չնայած նրան, որ Հայաստանը կախված է ռուսական զենքից ու տնտեսությունից, երկրի տարածքում ռուսական ռազմաբազաներ են տեղակայված, էներգետիկ համակարգը 100 տոկոսով պատկանում է Ռուսաստանին, երկաթգիծը և այլն, շատ խելամիտ քաղաքականություն է վարում: Նման առաջնորդների գլխավորությամբ Հայաստանը արագ կզարգանա: Հարկ եղած դեպքում այս առաջնորդը կարող է հստակ որոշում կայացնել, սա ծառայում է Հայաստանի ազգային շահերին»,- ասում է Գոցիրիձեն:

Իսկ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի վրացի նախագահ Գիգի Ծերեթելին «Ալիքի» հետ զրույցում վստահեցրեց, որ «Հայաստանի այս քայլը կտեսնի ու կգնահատի վրաց հասարակությունը»:

Գիտենք, որ երբեմն դա տեղի էր ունենում երրորդ ուժի ազդեցությամբ, որը գործադրվում էր ոչ միայն հայկական պատվիրակության անդամների վրա: Անշուշտ, Հայաստանի այս քայլը դրական ենք համարում»,-ասում է Ծերեթելին։

ՀՀ-ն նախկինում միշտ դեմ է քվեարկել Վրաստանից ներկայացված բանաձևերին: