Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծերի պատճառով առաջացած բողոքի մեծ ալիքին։
Մակրոնը նշել է՝ Վրաստանը, որը թեքվել է դեպի Եվրոպա, գիտի, որ կարող է հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա:
«Լսվեց վրացիների նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, լրատվամիջոցների ազատությանը և հավաքների ազատությանը»,- ասել է Մակրոնը։
Հիշեցնենք՝ րոպեներ առաջ Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը։
Այսօր՝ ժամը 11:45-ին, տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստը, իսկ ժամը 12:00-ին՝ լիագումար նիստը։
Սրանք այն պահանջներն էին, որոնք ցուցարարները ներկայացրել էին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, երբ պարզ դարձավ, որ «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ որոշել են հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Մարտի 9-ին խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարները և ընդդիմադիր գործիչները համատեղ հայտարարություն էին տարածել՝ նախագահից արտահերթ նիստ և ռուսական օրենքի մերժման փաստի իրավական հիմքով արձանագրում պահանջելով:
Ավելի ուշ՝ իշխող կուսակցությունը բավարարեց ցուցարարների պահանջներն ու հայտարարեց բյուրոյի և լիագումար նիստերի մասին:
Նիստերը անցնում են բողոքի ակցիաների ուղեկցությամբ։