Վրաստանը հերքում է իր տարածքով Թուրքիայից սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման մասին լուրերը

Հայ-ադրբեջանական հակամարտության առիթով Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել: Նիստից հետո մի քանի հարցերի վերաբերյալ հայտարարություններ են արվել:

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գիորգի Լիլուաշվիլին անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկություններին, որոնց համաձայն Թուրքիայից Վրաստանի տարածքով սիրիացի զինյալներ են տեղափոխվում Ադրբեջան:

«Ուզում եմ անդրադառնալ սոցիալական ցանցերում տարածված ապատեղեկությանը, իբր Թուրքիայի տարածքից դեպի Ադրբեջան Վրաստանի տարածքով տեղափոխվում են Սիրիայում ընթացիկ ռազմական գործողությունների մասնակից զինյալներ: Նույն աղբյուրներում տարածվում է տեղեկություն այն մասին, որոնք նպատակ ունեն խաթարել կոնկրետ մունիցիպալիտետներում խաղաղ համակեցությունը: Այսպես արվում են կոչեր, որպեսզի փակվի Ադրբեջանի ուղղությամբ ընթացող ավտոմայրուղին: Ուզում եմ ընդգծել, որ սիրիացի զինյալների վերաբերյալ տարածված տեղեկությունը ոչ մի հիմք չունի, սա սուտ է և նպատակ ունի սրել և լարել իրավիճակը Վրաստանում և ընդհանուր տարածաշրջանում: Պետական անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ կոմունիկացիան Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների հետ, անվտանգության հետ կապված բոլոր որոշումներն ընդունվում են տարածաշրջանում առկա իրավիճակի և ընթացիկ գործընթացների կարգավորման տեսանկյունից շահերը լավագույնս հաշվի առնելով: Յուրաքանչյուր գործողության դեմ, որը սպառնում է Վրաստանի անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի կայունությանը, կիրականացվեն օրենքով սահմանված միջոցառումներ»,- հայտարարել է Վրաստանի ՊԱԾ ղեկավարը:

Հիշեցնենք՝ Թուրքիայից Ադրբեջան սիրիացի զինյալների տեղափոխման մասին միջազգային լրատվամիջոցներում հրապարակումներից զատ, պաշտոնական հայտարարություններ են արել նաև Ռուսաստանի ԱԳ նախարարությունը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: