Վրաստանը հավատարիմ է յունկերների նպատակներին․ Ղարիբաշվիլի

Վրաստանն այսօր անկախ է, սակայն դեռ պետք է միավորի երկիրը, վերականգնի տարածքային ամբողջականությունը։ Խորհրդարանում 1921-ի փետրվարյան մարտերում զոհված յունկերների հիշատակին նվիրված միջոցառմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը պետք է շարունակի ձգտել այն իդեալներին, որոնք կրում էին խորհրդային բռնազավթման դեմ պայքարում զոհված Թիֆլիսի ռազմական ուսումնարանի սաները՝ յունկերները։

«Այսօր մենք հարգելու ենք զոհված հերոսների վառ հիշատակը։ Մեր երկրում այս ողբերգական դեպքից անցել է մեկ դար։ Հենց այս իրադարձությունը փոխեց մեր երկրի այն ժամանակվա պատմությունը։ Իրադարձություն, որը գործնականում կտրեց մեր երկիրը իրական զարգացման տեմպերից, գործընթացներից և երկար ժամանակ բաժանեց մեզ ընդհանուր եվրոպական ընտանիքից։ Մինչ օրս հերոս երիտասարդները՝ յունկերները, մեզ օրինակ են թողել, որն այսօր ուղեցույց է մեր սերունդների համար»,- ասել է Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով նրանք իրենց կյանքը զոհաբերել են հանուն իրենց հայրենիքի, ազատության ու անկախության պաշտպանության, բայց չեն կարողացել կանգնեցնել Վրաստանը գրաված «հսկայական Կարմիր բանակին»։

Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հզորացնելն ու վերականգնելը պահանջում է միասնական ջանք, ազգի համախմբում, առանց որի յուրաքանչյուր քաղաքացու այս երազանքը գործնականում անհասանելի է.

«Ես հավատում եմ, որ ազատության, երկրի միավորման ճանապարհը տանում է դեպի մեր երկրի տնտեսական զարգացում, կայունություն, պետականության ամրապնդում, խաղաղություն և ազգի համախմբում»:

Խորհրդային Կարմիր բանակի դեմ մարտնչած ռազմական դպրոցի ավելի քան 500 սաները, որ մարտնչում էին Թբիլիսիի մերձակայքում՝ Կոջորիիում և Տաբախմելայում, պատրաստվում էին դառնալ Վրաստանի նոր ձևավորվող բանակի անդամները։

Փետրվարի 25-ին Կարմիր բանակը գրավեց Թբիլիսին, եւ երկիրը խորհրդայնացվեց։