Վրաստանի խորհրդարանը արագացված կարգով կքննարկի միասնական եվրոպական վճարային տարածքին (SEPA) Վրաստանի միանալու հետ կապված օրենսդրական նախաձեռնությունները։
Սա ամենածավալուն օրենսդրական փաթեթներից մեկն է, որը խորհրդարանը քննարկել է վերջին տարիներին, և դրա էջերի թիվը հասնում է 2 000-ի։
Այսօր հարցի լսումը տեղի է ունեցել խորհրդարանի երեք հանձնաժողովների համատեղ նիստում, որին ելույթ է ունեցել Ազգային բանկի փոխնախագահ Արչիլ Մեստվիրիշվիլին։ Նրա խոսքով, Վրաստանը նախատեսում է կազմակերպության նոյեմբերյան նստաշրջանի համար դիմել SEPA-ին անդամակցելու համար։
Մեստվիրիշվիլիի խոսքով՝ միանալու գործընթացն ինքնին երկար է լինելու։
Խորհրդարան ներկայացված օրենքների նախագծերով փոփոխվում և վերակազմակերպվում են օգտատերերի հաշիվների կառավարման, գործարքների, փոխանցումների, ինչպես նաև ընդհանուր ֆինանսական ոլորտի կարգավորմանն առնչվող արձանագրություններ, կանոններ և ընթացակարգեր։
SEPA-ն միավորում է 36 երկիր, որոնցից 27-ը Եվրամիության անդամ են։ Կազմակերպության արձանագրությունները 2008-ից աստիճանաբար կիրառվեցին Եվրամիությունում, մինչև 2014-ին ամբողջությամբ ընդգրկեցին եվրոգոտու երկրներին, իսկ 2016-ից տարածվեցին այն երկրների վրա, որոնք գտնվում են եվրագոտու կազմից դուրս։