
Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության միջև հաստատվել են դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ:
Արձանագրությունը ստորագրել են Վրաստանի և Մակեդոնիայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Նիկոլա Դիմիտրովը: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:
«Հույս ունենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների դինամիկային»,- հայտարարել է Զալկալիանին:
Վրաստանի արտգործնախարարը շնորհավորել է Հյուսիսային Մակեդոնիային ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրության ստորագրման կապակցությամբ: Հիշեցնենք, փետրվարի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքը անդամակցության արձանագրություն է կնքել Մակեդոնիայի հետ։
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարը երկրի վարչապետի պատվիրակության կազմում մասնակցում է Մյունխենում կայացող անվտանգության հարցերով 55-րդ համաժողովին: