Վրաստանը երբեք չի լինի ռուսամետ. նախագահը՝ փոխպետքարտուղարին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյայի հետ։

Վրաստանի նախագահի վարչակազմի տարածած հայտարարության համաձայն, Զուրաբիշվիլին Զեյայի հետ քննարկել է վրաց-ամերիկյան հարաբերությունները և Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը։

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ «Վրաստանը երբեք չի եղել և չի լինի ռուսամետ, վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ընտրում է երկրի եվրոպական ուղին»։

Զրույցի ընթացքում շոշափվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ԱՄՆ-ի կողմից զորավարժությունների հետաձգումը և դրա հնարավոր հետևանքները։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին երկրի եվրոպական ուղին առաջնորդելու համար և ևս մեկ անգամ նշել է, որ նրա այցը հաստատում է, որ վրաց ժողովրդի հետ խորը գործընկերությունը կարևոր է Ամերիկայի համար, և որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Զեյան նշել է՝ վրացական իշխանության հակաժողովրդավարական փոփոխությունները, որոնք լի են մարտահրավերներով, վտանգի տակ են դնում երկրի եվրաատլանտյան ուղին, որն արտահայտում է վրաց ժողովրդի կամքը»:

Զեյան Վրաստանի նախագահի հետ հանդիպմանն արձագանքել է X սոցիալական ցանցում: Պետքարտուղարի տեղակալը գրել է՝  ԱՄՆ աջակցությունը վրաց ժողովրդի եվրաատլանտյան նկրտումներին, անսասան է.

«Ես բացեիբաց կարծիքներ եմ փոխանակել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ ժողովրդավարական ապագայի պաշտպանության և եվրաատլանտյան ինտեգրման վերաբերյալ: ԱՄՆ-ի աջակցությունը վրաց ժողովրդի եվրաատլանտյան նկրտումներին, անսասան է»,- գրել է Զեյան:

Հիշեցնենք. մայիսին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 84 ձայնով ընդունել է «գործակալների օրենքը»։ Հազարավոր մարդիկ փողոցում բողոքում էին այս օրենքի նախագծի ընդունման դեմ, իսկ գործընկեր երկրները հորդորում էին Վրաստանի իշխանություններին հրաժարվել օրենքի ընդունումից, քանի որ դա կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը։

Նշենք. Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):

Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։

Ընդգծենք՝ Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման մասին է խոսել նաև Բեռլինը: